Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայումս «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ գլխի կարգավորումների համաձայն՝ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա՝ միակ բացառությունը նախատեսելով զինվորական կենսաթոշակի չվճարված գումարը նաև լիազորագրով վճարելու համար, այն դեպքում, երբ կենսաթոշակառուն բուժվում է օտարերկրյա պետությունում հիվանդանոցային ձևով: Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:
Քաղաքացիական» օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:
Քաղաքացիական» օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց է և դրա նկատմամբ իրավունքը համարվում է գույքային իրավունք:
Առաջարկվում է․
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են՝
- կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը նաև լիազորված անձի միջոցով ներկայացնելու կարգավորումներ,
- անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում տարին մեկ անգամ բանկ ներկայանալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում լինելու փաստի հաստատման փոխարեն կենսաթոշակի վճարումը շարունակելու մասին համաձայնություն տալու, իսկ Հայաստանի Հանրապետութունում չգտվելու կամ բանկ ներկայանալու անհնարինության այլ դեպքում ողջ լինելու փաստի հաստատումը՝ անկախ կենսաթոշակառուի Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքից,
- լիազորագրի հիման վրա դադարեցված կենսաթոշակի վերսկսման և դրա հետագա վճարման կարգավորումներ և այլն: