Ֆիզիկական անձիք որոշ ապրանքներ կկարողանան ներմուծել ավելի մեծ ծավալներով

Եվրասիական տնտեսական միության շրջանակում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված դրույթների և ապրանքների չափաքանակների վերանայման, ինչպես նաև իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում:

Փոփոխություններ  են կատարվել նախկինում ընդունված որոշման մեջ, մասնավորապես՝ ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների հարկման բազաների որոշման, ֆիզիկական անձանց տրամադրվող ծանուցագրի ձևում օրենքին կատարվող հղման և այլ դրույթների, ինչպես նաև ԵՏՀ 20.12.2017թ. թիվ 107 որոշման ընդունման հանգամանքով պայմանավորված՝ նաև ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների ամբողջովին վերանայման մասով: Ըստ հիմնավորման՝  իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան փոփոխություններ կատարել՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման ժամանակ ապրանքների արժեքի որոշման, ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, ինչպես նաև մի շարք ապրանքների չափման միավորների առնչությամբ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այս որոշմամբ անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալներով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների: Այդպիսով՝ սահմանված սահմանաչափերը բարձրացվում են։

«Այս որոշումը տնտեսական դաշտի վրա լավ ազդեցություն կթողնի», -նշել է վարչապետը՝ հավելելով,  որ այն քաղաքացիներին ավելի էժան առևտուր անելու հնարավորություն կտա: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հորդորել է պատշաճ իրազեկել հանրությանը՝ չափաքանակների էական ավելացումների մասին:  «ՊԵԿ-ը պետք է հրապարակի չափաքանակների վերաբերյալ նախկին և ներկայիս ցանկերը, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե օրավանից է որոշումն ուժի մեջ մտնելու»,- նշել է վարչապետը:    

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել