Կառավարությունը սահմանել է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացման կարգը

Կռավարություն նոր որոշում է ընդունել, որով սահմանվել է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացման կարգը:

Որոշումն ընդունվել է հուլիսի 19-ին, ուժի մեջ է մտել օգոստոսի 2-ին:

Կ Ա Ր Գ

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանության (այսուհետ` պաշտոնական թարգմանություն) իրականացման կարգը:

2. Թարգմանությունը տեքստի ճշգրիտ և սպառիչ վերարտադրումն է այլ լեզվով` պահպանելով բնագրի իմաստային բովանդակությունը, գործաբանական արժեքը, դրա գործառական-ոճական համապատասխանությունը և ապահովելով թարգմանության նույնականությունը բնագրի հետ:

3. Պաշտոնական թարգմանությունը նորմատիվ իրավական ակտի, այդ թվում` պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ մասի սահմանված կարգով ստորագրված և կնքված թարգմանությունն է:

4. Անհատական և ներքին իրավական ակտը կարող է ուղարկվել պաշտոնական թարգմանության Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված` պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով: Անհատական և ներքին իրավական ակտի պաշտոնական թարգմանությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտի պաշտոնական թարգմանության իրականացման ընթացակարգով:

5. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը հայերենից անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն): Սույն կետով չնախատեսված օտար լեզուներով պաշտոնական թարգմանությունն իրականացվում է այն դեպքում, եթե թարգմանության պատվերն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր է ներգրավել համապատասխան լեզվի մասնագետների:

II. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

6. Պաշտոնական թարգմանությունն իրականացվում է նախարարությանն ուղղված՝ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր դիմումի հիման վրա:

7. Պաշտոնական թարգմանությունն իրականացվում է հետևյալ ժամկետներում՝

1) 1-4 թարգմանչական էջը` 3 աշխատանքային օրվա ընթացքում.

2) 5-10 թարգմանչական էջը` 7 աշխատանքային օրվա ընթացքում.

3) 11-20 թարգմանչական էջը` 10 աշխատանքային օրվա ընթացքում.

4) 21-30 թարգմանչական էջը` 15 աշխատանքային օրվա ընթացքում.

5) 31-50 թարգմանչական էջը` 25 աշխատանքային օրվա ընթացքում.

6) 51-100 թարգմանչական էջը` 35 աշխատանքային օրվա ընթացքում.

7) 100 թարգմանչական էջը գերազանցելու դեպքում՝ յուրաքանչյուր 30 թարգմանչական էջի համար 10 աշխատանքային օրվա հաշվարկով:

Մեկ թարգմանչական էջ է համարվում 1500 նիշը՝ առանց բացատների:

8. Թարգմանության իրականացման համար ժամկետները պայմանավորված են ընթացիկ ծանրաբեռնվածությամբ, թարգմանության ներկայացվող նորմատիվ իրավական ակտի տեքստի բարդությամբ (ոլորտային, մասնագիտական, տեխնիկական եզրերով հագեցած), տեխնիկական խնդիրների հնարավոր առկայությամբ (տեսաներածված կամ այլ ձևաչափերով ֆայլերի փոխակերպում էլեկտրոնային խմբագրվող ձևաչափի, չխմբագրվող գծապատկերների, գրաֆիկների, նկարների, աղյուսակների և այլնի մշակում):

9. Պաշտոնական թարգմանությամբ նորմատիվ իրավական ակտի վերևի ձախ անկյունում թարգմանության լեզվով գրվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, պաշտոնական թարգմանության համարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի անունը, ազգանունը, ստորագրությունը, նախարարության կնիքը և թարգմանության տրամադրման ամսաթիվը:

10. Պաշտոնական թարգմանության համարը ներառում է կոտորակներով առանձնացվող տարրեր` հետևյալ բանաձևով` 1/2/3/4/5, որտեղ`

1) 1-ը նորմատիվ իրավական ակտի համարն է (լատիներեն տառադարձությամբ), բացառությամբ այն դեպքերի, երբ նորմատիվ իրավական ակտը չունի համար.

2) 2-ը նորմատիվ իրավական ակտի ընդունման ամսաթիվն է.

3) 3-ը թարգմանության լեզվի մասին նշումն է՝ համաձայն ԻՍՕ (ISO) 639-1 ստանդարտով սահմանված կոդերի.

4) 4-ը նորմատիվ իրավական ակտի հիմնական կամ ինկորպորացված տարբերակ լինելու մասին լատինատառ նշումն է. հիմնական տարբերակ լինելու դեպքում՝ «H», իսկ ինկորպորացված տարբերակ լինելու դեպքում՝ «I» և համապատասխան ինկորպորացիայի ամսաթիվը.

5) 5-ը պաշտոնական թարգմանության իրականացման ամսաթիվն է:

11. Պաշտոնական թարգմանության բնօրինակն ու նորմատիվ իրավական ակտի հայերեն տեքստը միասին ամրակարվում կամ թելակարվում (ժապավենվում) են, ինչպես նաև ամրակցվում են պաշտպանիչ թղթով: Ամրակցված թղթի դարձերեսին դրվում է նախարարության կնիքը և հայերենով ու թարգմանության լեզվով նշվում թերթերի ընդհանուր թիվը:

12. Նախարարությունը պահում է պաշտոնական թարգմանության առնվազն մեկ օրինակ:

13. Պաշտոնական թարգմանության բնօրինակը համարակալվում է և գրանցվում պաշտոնական թարգմանությունների էլեկտրոնային գրանցամատյանում` համաձայն ձևի:

14. Պաշտոնական թարգմանությունների էլեկտրոնային գրանցամատյանում գրանցվելուց հետո պաշտոնական թարգմանությունը (բացառությամբ ներքին և անհատական իրավական ակտերի պաշտոնական թարգմանության) եռօրյա ժամկետում տեղադրվում է www.translation-centre.am կայքում:

15. Պաշտոնական թարգմանության բնօրինակի կրկնօրինակ կամ դրանից քաղվածք տրամադրում է նախարարությունը՝ եռօրյա ժամկետում՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գրավոր դիմումի հիման վրա:

16. Պաշտոնական թարգմանության բնօրինակի կրկնօրինակ կամ դրանից քաղվածք տրամադրելիս պաշտոնական թարգմանությամբ նորմատիվ իրավական ակտի վերևի ձախ անկյունում գրվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, պաշտոնական թարգմանության համարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի անունը, ազգանունը, ստորագրությունը, նախարարության կնիքը և կրկնօրինակի կամ քաղվածքի տրամադրման ամսաթիվը: Կրկնօրինակը կամ քաղվածքը նորմատիվ իրավական ակտի հայերեն տեքստի կամ դրա համապատասխան մասի հետ միասին ամրակարվում կամ թելակարվում (ժապավենվում) են և ամրակցվում պաշտպանիչ թղթով: Ամրակցված թղթի դարձերեսին հայերենով ու թարգմանության լեզվով նշվում է թերթերի ընդհանուր թիվը:\

 
Ձև

Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն  Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հերթական համարը

Պաշտոնական
թարգմանության
համարը

Նորմատիվ
իրավական ակտի անվանումը

Պաշտոնական թարգմանության ամսաթիվը

Նորմատիվ իրավական ակտի այլ թարգմանությունների հերթական համարները և ամսաթվերը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել