Շիզոֆրենիայով հիվանդ անձը հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել

Գրիգորը մեղավոր է ճանաչվել հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 15 տարի ժամկետով, սակայն հաշվի առնվել, որ նա «շիզոֆրենիա, պարանոիդ ձև, դեֆեկտային վիճակ» հոգեկան հիվանդություն ունի,  ազատվել է նշանակված պատժի մնացած՝ 4 տարի 6 ամիս 19 օր չկրած մասից և նրա նկատմամբ կիրառվել է հարկադիր բուժում: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ։

Քրեական գործը դատարանի վարույթ է ընդունվել 2016թվականի ապրիլի 28-ին։ Մեղադրանքի համաձայն՝ հոգեբուժական հիվանդանոցում գտնվելու ընթացքում հոգեկան հիվանդությամբ տառապող Գրիգորը մեկ անգամ ոտքով հարվածել է նույն հիվանդանցում բուժվող Հրանտին, որի հետևանքով Հրանտը վայր է ընկել գետնին և ստացել ծանր մարմնական վնասվածք։

Ըստ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի Նուբարաշենի կլինիկայի 5–րդ բաժանմունքում հիվանդապահ Պետրոսի նախաքննական ցուցմունքի՝ 2016թ. ապրիլի 1–ին ժամը 05։30–ի սահմաններում, Հրանտը սկսել է միջանցքում հայհոյել և խանգարել այլ հիվանդների հանգիստը, երբ Գրիգորը մոտենալով Հրանտին, առանց որևէ բան ասելու ոտքով մեկ անգամ հարվածել է Հրանտի կոնքային հատվածին, որի հետևանքով Հրանտը վայր է ընկել, իսկ Գրիգորը հետ է վերադարձել իր հիվանդասենյակ։ Այնուհետև, Պետրոսը մյուս հիվանդապահ Պողոսի հետ միասին մոտեցել են Հրանտին, պառկեցրել նրան մահճակալին,և հայտնել հերթապահ բժիշկ Գագիկին, որն էլ զանգահարել է շտապօգնություն։

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությաբ Գրիգորը ճանաչվել է անմեղսունակ, քանի որ Գրիգորը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ և Հրանտին հարվածելու պահին Գրիգորը գտնվել է հոգեպես խանգարված վիճակում և չի կարողացել ղեկավարել իր գործողությունները, ուստի նա կարիք ունի հարկադրական բուժման։

Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները և այլ մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով դատարանը գտել է, որ Գրիգորին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ պետք է կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, այն է՝ հարկադիր բուժում հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում, քանի որ Գրիգորը չթույլատրված արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում։

Դատավճիռը կայացվել է 2017թվականի ապրիլի 21-ին։

Հ.Գ. Անձանց անունները փոխված են։

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել