Քննվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին միջնորդությունը. նա դատական նիստի մասին չի ծանուցվել

Այսօր՝ հուլիսի 26-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին միջնորդությունը:

Նիստն ընդմիջվել է մինչև 1:30, քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի ծանուցվել նիստի մասին: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբանը՝ Արամ Օրբելյանը, ով գործին է միացել, երբ պատոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրվել:

«Պարզ չէ, ի՞նչն է հապշտապությունը՝ գիշերով նիստ անել, հիմա պարոն Քոչարյանին կփորձենք ծանուցել»,-ասաց նա: Փաստաբանը նշեց նաև, որ պաշտոնաթող նախագահին իր կալանավորման մասին միջնորդության քննության հետ կապված դատական նիստի մասին պետք է ծանուցեն գործով ներգրավված քննիչները:

Արամ Օրբելյանը նշեց, որ նիստին չներկայանու պատճառ չի տեսնում, թեպետ ժամն ուշ է և ինքն անձամբ երեկոյան ժամը 9-ից հետո ամաչում է մարդկանց զանգել:

Նա նաև նշեց, որ քննիչները, պաշպանները, դատավորը հոգնած են ու վաղ առավոտից աշխատել են ու մասնակցել քննչական գործողությունների: «Բերվում է օրինակ, որ տարբեր դեպքերում նման նիստեր են լինում, միանշանակ ճիշտ է, բայց անգամ այն դեպքում, երբ անձի ազատությունը սահմանափակված է, նա ձերբակալված է՝ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է 72 ժամ: 72 ժամ 01 րոպեին, եթե անգամ նիստը ընթանում է, պետք է մարդուն բաց թողնեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել