Ըստ քաղաքացու՝ երեխայի  մահը վրա է հասել նշված բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

2018 թվականի  հուլիսի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ որդին՝ ծնված 2016թ., բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, 2018թ. հուլիսի 6-ին՝ ժամը 23:15-ին, մահացել է: Ըստ  քաղաքացու հաղորդման՝  երեխայի  մահը վրա է հասել նշված բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի, ինչպես նաև՝ սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Դեպքի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել