ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ` քննարկելու առողջապահության բնագավառում Եվրամիության հետ համագործակցությունը: Երկկողմ ծրագրերն իրականացվում են Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների շրջանակներում, մասնավորապես, Թվինինգ և Թայեքս ծրագրերով:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Լիահույս եմ, որ առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը նոր թափ կառնի»,-հանդիպման ընթացքում շեշտել է նախարար Թորոսյանը` մեծապես կարևորելով պետական կառավարման համակարգում բարեփոխումներին ԵՄ օժանդակությունը:
Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել է առողջապահության ոլորտում առաջնահերթ անելիքներով, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանն առանձնացրել է, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մի շարք հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի վաղաժամ կանխման նպատակադրումը և այլն: Հատուկ անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացիկ քայլերին ու այդ ուղղությամբ ԵՄ աջակցության մեխանիզմներին:
«ԵՄ-ն աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումներին և պատրաստ է իր ներդրումն ունենալ առողջապահության համակարգում օրակարգային հարցերի լուծմանը` կախված մատնանշված առաջնահերթություններից»,-ընդգծել է Սվիտալսկին: