ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցման ընթացքում, պարզվել դրանց մեխանիզմը։
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Նախնական քննության տվյալներով՝ թաղման ծիսակատարություններ և սգո ծառայություններ մատուցող «ՌԵՔՎԻԵՄ» ՍՊ ընկերության տնօրինությունը 2014-2016թթ.ընթացքում հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում շահույթի, շրջանառության, եկամտի վերաբերյալ ներառել է կեղծ տվյալներ՝ առերևույթ խուսափելով հարկային պարտավորությունների լիարժեք կատարումից։
Այսպես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն ՝ ընկերության տնօրենը, հարկերի վճարումից խուսափելու նպատակով խախտելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի, նույն օրենքի 7-րդ հոդվածի և «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվառման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, 2014-2016թթ. ընթացքում ընկերության իրականացրած գործունեության վերաբերյալ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ կեղծ տվյալներ։
Այն է`
– 2015-2016թթ. հաշվետու ժամանակահատվածների համար հարկային տեսչություն է ներկայացրել միայն շրջանառության հարկի հաշվարկներ, մինչդեռ նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով պետք է ներկայացներ նաև շահութահարկի և ավելացված արժեքի հարկի մասով հաշվարկներ:
– 2014թ. 4-րդ եռամսյակի համար կազմված շրջանառության հարկի հաշվարկում պակաս է հաշվարկել ընկերության շրջանառության հարկի շրջանառությունը:
– 2016թ. մարտ ամսին ԵՏՄ անդամ պետությունից ներմուծված ապրանքների դիմաց հարկային տեսչություն ներկայացրած ներմուծման հարկային հայտարարագրում պակաս է նշել ավելացված արժեքի հարկի հարկվող բազան, ինչպես նաև չի հաշվարկել և վճարել ներմուծված ապրանքների համար վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը:
Միևնույն ժամանակ, խախտելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության կողմից 25.07.2013թ-ին թիվ 1259-Ն որոշմամբ ընդունված «Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու» կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձևակերպել իր ընկերությունում փաստացի աշխատող թվով 8 անձի աշխատանքի ընդունումը, ինչպես նաև՝ եկամտային հարկի հաշվարկներում չի ներկայացրել այդ աշխատակիցների մասով վճարված եկամուտներն ու այդ եկամուտներից պահվող հարկի գումարները:
Դատահաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն՝ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 15.267.217 դրամ՝ ներառյալ տույժերն ու տուգանքները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով: Մեղադրյալի կողմից նախաքննության ընթացքում մասնակի՝ 6,7 մլն դրամի չափով, վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, իսկ մնացածի վճարումը կիրականացվի հարկային մարմնի հետ կնքվելիք ժամանակացույցին համապատասխան:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: