Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի եւ գրականության դասագրքերով ապահովելու հարցը մտահոգիչ է. ԿԳ նախարար

Հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումն է եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի  հանդիպման առանցքում:

Այս մասին հայտնում են ԿԳ նախարարությունից:

Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հայ-վրացական  բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի եւ դա է պատճառը, որ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է Վրաստանի իր գործընկերոջ հետ նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ:

Արայիկ Հարությունյանը  Վրաստանի հայկական դպրոցները՝  հայոց լեզվի եւ գրականության դասագրքերով ապահովելու հարցի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնելով, միաժամանակ ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերություններում յուրաքանչյուր հարց ժամանակի ընթացքում լուծում է ստանում՝ հատկապես, երբ առկա է  քաղաքական կամքը:

Իր հերթին Վրաստանի դեսպանն ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ պատրաստակամություն է հայտնել կրթության ոլորտում  բարեփոխումների փորձի փոխանակման եւ մարտահրավերներին համատեղ դիմակայելու առնչությամբ: Դեսպան Սագանելիձեի խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում չկա հարց, որ լուծում չստանա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ առաջիկայում ՀՀ ԿԳ նախարարի Վրաստան կազմակերպվելիք այցին, որի ընթացքում հարեւան երկրների կրթական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն  հայ-վրացական կրթական  համագործակցության նոր ուղիները եւ առկա խնդիրները:

Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ներկա վիճակի՝ մասնավորապես, ուսանողների փոխանակման եւ կրթաթոշակների տրամադրման հնարավորության ընդլայնման,  Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության, Վրաստանի հայկական դպրոցների գրադարանները հայոց լեզվով գեղարվեստական գրականությամբ համալրելու,   ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մեթոդաբանության անհրաժեշտության  եւ այլ հարցերի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ ապահովել հետագա շարունակական համագործակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել