Թալին-Լանջիկ հատվածում 1200մ փռված բետոնը կքանդվի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։

Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են արվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։

Նախարարի առաջին կանգառը 1200մ արդեն փռված փորձնական բետոնի տեղամասում էր։

Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության պատասխանատուները, մանրամասնելով իրավիճակը, նշեցին, որ որակի թեստավորման արդյունքներով փորձնական բետոնապատումը չի համապատասխանում առաջադրված ստանդարտներին և ենթակա է քանդման։

Չինական կողմը ևս ընդունում է, որ անորակ աշխատանք է կատարվել։ Ճիշտ է, որոշ պատճառաբանություններ է ներկայացնում՝ կապված բնակլիմայական պայմանների և այլնի հետ, բայց համաձայն է տրված եզրահանգմանը։ Ուստի, առաջիկայում այն կքանդվի և աշխատանքներ կտարվեն նոր, որակով բետոնապատում կատարելու ուղղությամբ։

Նախարար Աշոտ Հակոբյանն ընդգծեց, որ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող այս ճանապարհի շինարարությունը մեր երկրի ղեկավարության ու ժողովրդի ուշադրության կենտրոնում է, և ամեն ինչ պետք է արվի աշխատանքները նախանշված ժամկետներում և որակով իրականացնելու համար։

Շինտեղամասեր այցելությունից հետո «Սիոնհիդրո Քորփորեյշն» ընկերության գրասենյակում նախարարը հանդիպեց շինարարության պատասխանատուներին, լսեց նրանց փաստարկները շինարարության ընթացքում առաջացած խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ։

Չինական կողմի պատասխանատուները մանրամասնեցին բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են շինարարության տեմպերն արագացնելուն և նախանշված չափորոշիչներին համապատասխան որակ ապահովելուն։

Որակի հսկողություն իրականացնող ընկերության մասնագետները փաստեցին, որ վերջին շրջանում, հատկապես Թալին-Լանջիկ հատվածում, որոշակի առաջընթաց գրանցվել է, և լիահույս են, որ առաջիկայում այն ավելի կբարելավվի։

Աշոտ Հակոբյանը հանձնարարեց արագացնել տեմպերը՝ խստագույնս պահպանելով ճանապարհի շինարարության համար նախատեսված նորմատիվային բոլոր պահանջները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել