Բուհերում այս տարի ուսանողների թվի նվազման հետևանքով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ. հիմնականում այս հարցերն են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից:
Նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի ուսանողների թիվը, որն իր ազդեցությունն է ունենալու բուհերի վրա: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ:
Ներկաները նշել են, որ ռեկտորների խորհուրդը բազմիցս քննարկել է այս հարցը, ինչպես նաև առանձին բուհեր իրավիճակային լուծումներ են փորձել գտնել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, օրինակ, նշել է, որ մայր բուհը դեռևս 6 տարի առաջ խնայողությունների ծրագիր է մշակել, որի հետևանքով այսօր հնարավոր է եղել պահպանել ֆինանսական կայունություն: Ավելին՝ նա նշել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին այլևս գումար չփոխանցելու արդյունքում սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը: Նա մտահոգություն է հայտնել դեռևս նախկին կառավարության օրոք գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ, որը, ըստ ռեկտորի, հարվածել է գիտությամբ զբաղվողներին:
Հանդիպմանը ներկա բոլոր ռեկտորներն անդրադարձել են իրենց բուհերում առկա ֆինանսական հիմնախնդիրներին, մասնավորապես, բարձրացվել է բուհերի աշխատակիցներին բժշկական ապահովագրություն տրամադրելու, ինչպես նաև գնումների գործընթացի և տարբեր հիմնավորումներով ուսանողների վարձավճարների զեղչերի վերաբերյալ հարցեր: Ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնամխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու:
Հանդիպման ավարտին նախարարը ռեկտորներին զգուշացրել է, որ նոր ուսումնական տարվանից խիստ վերահսկողություն է իրականացվելու դասապրոցեսի և ուսանողների հաճախելիության խնդրին: