Քրեակատարողական համակարգում առկա են ինչպես անհատական, այնպես էլ համակարգային բնույթի խնդիրներ։ Այս մասին հուլիսի 16-ին Պաշտպանի աշխատակազմի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ կարևորում է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատելու հարցում։
«Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» խորագրով միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասին և Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան:
Միջոցառման ժամանակ ներկայացվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը քրեակատարողական համակարգում կանանց և անչափահաս երեխաների իրավունքների ապահովման վերաբերյալ։
Քննարկման ժամանակ Հայաստանի և Վրաստանի օմբուդսմանների աշխատակազմերի ներկայացուցիչները մանրամասնել են փակ հաստատություններում իրենց աշխատանքի առանձնահատկությունները, քննարկել խնդիրների լուծման ուղղությունները։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար և նշել, որ այն հնարավորություն է տալիս առավել համակողմանի գնահատել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծմանն ուղղված առաջիկա քայլերը:
Քննարկման թեմայի համատեքստում Նախարարն անդրադարձել է Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությանը, որը նպատակ ունի բարելավել երեխաների արդարադատության մատչելիության մեխանիզմները, ինչպես նաև բանտային առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին, որի վերջնական նպատակն է բանտային առողջապահությունը ինտեգրել հանրային առողջապահության միասնական համակարգին:
Արտակ Զեյնալյանը նշել է, որ քրեակատարողական համակարգում կատարվող բարեփոխումների հիմքում ընկած են նաև ՄԻՊ գրասենյակի զեկույցները և քաղաքացիական հասարակության դիտարկումները, միաժամանակ հավելելով, որ Արդարադատության նախարարությունը չի փորձում քողարկել քրեակատարողական համակարգում առկա խնդիրները, այլ ջանում է համարժեք մոտեցումներով և առաջնահերթությունները սահմանելով՝ հասնել խնդիրների լուծմանը:
Այնուհետև, մասնակիցներին ներկայացվել է «Կանանց և անչափահասների իրավունքների ապահովումը քրեակատարողական համակարգում» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջև:
Նշենք, որ քննարկումն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Խոշտանգումների կանխարգելում» բաղադրիչի ներքո։