Ճանապարհային ոստիկանները ներողամիտ չեն կանոնները կոպիտ խախտողների նկատմամբ. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին շրջանում մի քանի օգտատերեր բողոքում են մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին երթևեկության վիճակից և որպես «մեղավորի» նշում ճանապարհային ոստիկանների պասիվությունը։ Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային ոստիկանները ներողամիտ չեն կանոնները կոպիտ խախտողների նկատմամբ, սակայն պետք է հիշել, որ երթեւեկության մշակույթը բացառապես պատժիչ գործողություններով հնարավոր չէ բարձրացնել։ Խնդիրը կլուծվի, երբ երթեւեկության ցանկացած մասնակից կգիտակցի իր անձնական պատասխանատվությունն այդ մշակույթի ձեւավորման գործում։ Իսկ աշխատանքի չափորոշիչ են նաև փաստական ևվիճակագրական տվյալները։

Հուլիսի 2-ից 12-ը մայրաքաղաքում ՃՈ-ն իրականացրել է ծանրաբեռնված ծառայություն:
Ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող գումարտակն անցած 10 օրում իրականացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ շուրջօրյա ծանրաբեռնված ծառայություն:

Հուլիսի 2-ից 12-ը, ճանապարհային ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 985 արձանագրություն, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 182 տրանսպորտային միջոց: Դրանցից 38-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:

Ճանապարհային ոստիկանության ավտոքարշակը, չթույլատրված վայրերում կայանելու համար, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 128 մեքենա:

Բացի այս, հայտնաբերվել են այլ վարորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող և միտումնավոր խախտումներ կատարող վարորդներ, հատուկ և գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող, առանց համարանիշի կամ որևէ առարկայով այն փակված մեքենաներ:

Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել նաև բարձր ձայնով երթևեկելու համար վերասաքավորած խլացուցիչներով մեքենաների վարորդները, նաև գերհզոր ձայնով երթևեկող մոտոցիկլետները: Բացատրական աշխատանք է իրականացվել նաև հետոիտների շրջանում: Նրանք հիմնականում զգուշացվել են:
Մայրաքաղաքում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի 70 կարգախմբերը, բացի զորակոչին կամ այլ զանգվածային միջոցառումներին իրականացրած ծառայություններից, օրը 3 անգամ, պիկ ժամերին, հատուկ ծառայություն են կատարել բանուկ խաչմերուկներում՝ կանոնակարգելով երթևեկությունը:

Ներկայացվածը միայն Երևանը սպասարկող գումարտակի ու միայն վերջին 10 օրերի ծառայության մասին էր: Նույն ծանրաբեռնվածությամբ ճանապարհային ոստիկանները ծառայություն են իրականացրել նաև մարզերում:
Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանությունը խախտումներ կատարող վարորդներին հայտնաբերելու հարցում հետևողական է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել