Դավիթ Անանյանը՝ պետական բյուջե մուտքագրվող գումարների մասին

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի և բացահայտումների արդյուքում պետական բյուջե մուտքագրված գումարներին. «Հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ: 42 միլիոն դոլարի մասին է գնում խոսքը»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը սակայն նշեց, որ բյուջեում այս թիվը չի արտահայտվում և այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պարզաբանեց իրավիճակը և հայտարարեց, որ նշված գումարը անընդհատ փոփոխվում է:

«Այս ամենը ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի եւ ոստիկանության համատեղ ջանքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում է: Բնականաբար, մենք համագործակցել ենք Քննչական կոմիտեի, դատախազության հետ: Սա հավաքական աշխատանքի արդյունք է:

Ըստ էության 20,622 մլրդ դրամը օր օրի փոփոխվում է, բարձրանալու միտում ունի: Այն 73 ընկերությունների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն-ը մուտքագրվել է բյուջե, մոտ 12,7 մլրդ դրամը առաջադրվել է գանձման, իսկ 7 մլրդ դրամի կարգի թիվ նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն քննչական գործողությունների արդյունքում դրանք մեծանալու միտում ունեն:

Օրինակ  եթե «Նորֆոլկի» թեմայով  ասում ենք, որ վերականգնվել է 2,5 մլրդ դրամ, մենք նկատի ունենք, որ «Նորֆոլկի» հաշվին մուտքագրվել է այդ գումարը, որը վերահսկվում է ԱԱԾ-ի եւ ՊԵԿ-ի կողմից: Լուծարային ստուգման ակտը գրելուն պես ակտի հիման վրա գումարները կփոխանցվեն բյուջե: Երբ ասում ենք ունենք վերականգնում, դա դեռ չի նշանակում անմիջական մուտք պետական բյուջե: Մենք տվյալները կհրապարակենք մինչեւ հուլիսի 17-ը»,-տեղեկացրեց ՊԵԿ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել