Այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գործադիրի անդամներին ներկայացրեց ԱԺ մի շարք պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
«Նախագծով առաջարկվում է աշխատանքի էական պայմանները փոփոխելու դեպքում, աշխատանքային պայամանգրի լուծման, Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված առանձին հիմքը, օրենսգրքի 109-րդ հոդվածից տեղափոխել 113-րդ հոդված՝ նշված հիմքով պայմանագրի լուծումը դիտարկելով որպես գործատուի նախաձեռնության աշխատանքային պայմանագրի լուծում»,-նշեց նախարարը։
Մանե Թանդիլյանը նշեց, որ գտնում են՝ օրենսգրի գործող դրույթների անհրաժեշտությունը բացակայում է։
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածը, սահմանելով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, ներառում է նաև աշխատանքի էական պայմանները փոփոխվելու առթիվ աշխատանքը շարունակելուց հրաժարվելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծումը:
Ըստ Օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «աշխատանքի էական պայմաններն են՝ աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը»:
Այսինքն՝ եթե աշխատանքի էական պայմանները փոխվում են, և աշխատողը չի տալիս իր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու վերաբերյալ, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է:
Ըստ այդմ, օրենսգրքով սահմանված այս հիմքը, ըստ էության, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է, բայց քանի որ նախատեսված է 109-րդ հոդվածով, գործատուն այս հիմքով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ աշխատողը չի կարող օգտվել նույն օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված երաշխիքներից, օրինակ՝ գործատուն կարող է աշխատողի արձակուրդում գտնվելու ընթացքում աշխատանքի որևէ էական պայման փոփոխել, ինչի հետ չհամաձայնելու դեպքում աշխատողը կարող է առանց խոչընդոտի ազատվել աշխատանքից, և քանի որ այս հիմքը նախատեսված է օրենսգրքի 109-րդ, այլ ոչ թե 113-րդ հոդվածով, աշխատողը չի կարողանում պաշտպանվել օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված երաշխիքներով:
«Երբ գործատուն, որոշակի պատճառներից ելնելով, առաջարկում է փոխել աշխատանքի էական պայմանները, գործող օրենսդրությամբ աշխատողի համար նախատեսված են գրեթե այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք նախատեսված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի համար: Մասնավորապես, նախատեսված է աշխատանքի էական պայմանների փոփոխության դեպքում աշխատողին նախապես ծանուցելու, այդ ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքում տուժանք վճարելու, ինչպես նաև արձակման նպաստ վճարելու պահանջ»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով, նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է որոշ դեպքերում բացասաբար անդրադառնալ աշխատողի աշխատանքային պայմանների բարելավման վրա: Նախարարույթունը գտել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է։