Առերևույթ չարաշահումներ Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում  առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ համալսարանի նախկին պրոռեկտոր Ա.Ֆ.-ն, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկան Ա. Խ.-ն մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Իսկ նշված հանցավոր արարքը քողարկելու նպատակով ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ  ինստիտուտի 2010-2012թ.թ. 2 ուսումնական տարիներին, որպես ուսումնական վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1.185.492.655 ՀՀ դրամ գումար, որից 722.285.794 դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած 463.206.861 դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել:

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում բուհում հրավիրվել է դեկանատների գործավարների ժողով և հանձնարարվել կազմակերպել դրամահավաք դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու համար՝ յուրաքանչյուր շրջանավարտից 5.500 ՀՀ դրամի չափով: Արդյունքում չորս տարում շրջանավարտներից հավաքագրվել է ընդհանուր շուրջ 20.000.000 ՀՀ դրամ՝ այն դեպքում, երբ դրա համար բուհի բյուջեով նախատեսված են եղել համապատասխան միջոցներ:

Նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են նշված բուհի աշխատակիցների կողմից հանցակցությամբ և իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, ինչպես նաև հանցակցությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու մասին: Նկատի ունենալով այս հանգամանքը՝  նշված փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել