Նոր իրավակարգավորումներ են առաջարկվում՝ հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու օրենսդրական հիմքերի մասին

ՀՀ քննչական կոմիտեն «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենի ընդունան նախագիծ է ներկայացրել։ Նախագծով նոր իրավական կարգավորումներ է առաջարկվել, ըստ որի նախատեսվում է․

1. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հստակ օրենսդրական հիմքերի նախատեսում։ 

2. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հսկող դատախազի որոշումն անմիջական վերադաս դատախազի կողմից հաստատելու կարգի նախատեսում։ 

3. Բաժնի պետին առարկություն ներկայացնելու լիազորության վերապահում։

Նախագծի հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ դատախազն իրավասու է հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում նրանք թույլ են տվել օրենքի խախտում: Նախագծով ներկայացվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ընդհանուր առմամբ քննիչին վարույթից հեռացնելու իրավական կարգավորման անորոշությանբ և դրա դեմ առարկություններ ներկայացնելու կառուցակարգերի անարդունավետությամբ։

1.1. Գործող օրենքով հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին վարույթից հեռացնելու հիմքի իրավական անորոշությունը։ Ինչպես նշվեց, հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին վարույթից հեռացնելու հիմքն օրենքի խախտումն է և ակամա ստացվում է օրենքի ցանկացած, այդ թվում՝ ձևական բնույթի խախտումը կամ շեղումը կարող է հիմք լինել հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին վարույթից հեռացնելու համար։ Քանի որ օրենքի նման ձևակերպումն ընդհանուր բնույթի է, այն տարածական մեկնաբանման և իրավական անորոշության տեղիք է տալիս: Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու օրենսդրական հիմքերի անորոշությունը դատախազի համար ստեղծում է ոչնչով չսահմանափակված հայեցողություն և հնարավորություն է տալիս դատախազին դրսևորելու կամայական վերաբերմունք: Գործնականում մի խախտումը դիտվում է որպես վարույթից հեռացնելու հիմք, մեկ այլ դեպքում, կախված մի շարք, այդ թվում` սուբյեկտիվ գործոններից, այն չի դիտվում որպես վարույթից հեռացնելու հիմք՝ ձևավորելով տարբերակված պրակտիկա քննչական տարբեր ստորաբաժանումներում և մարմիններում։

1.2. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու բացասական ազդեցությունը վարույթի մասնավոր մասնակիցների վրա։ Քննիչին վարույթից հեռացնելն ուղղակիորեն անդրադառնում է քրեական գործի քննության ժամկետների և հետևաբար վարույթի մասնավոր մասնակիցների վրա: Այսպես, քննիչին վարույթից հեռացնելու և այն նոր քննիչին հանձնարարելու դեպքում, վերջինս պետք է ծանոթանա քրեական գործին, պլանավորի այն և իր ծանրաբեռնվածությանը համապատասխան բաշխի նոր վարույթ ընդունած գործով իրականացվելիք քննչական գործողությունները, ապա դա տևում է մոտ 10 օր։ Այսինքն, քննիչին վարույթից հեռացնելու դեպքում նրանից փոխանցված գործի վարույթի քննությունն առնվազն հետաձգվելու է 10 օրով: Ուստի ներգործության այս միջոցը պետք է լինի ծայրահեղ միջոց՝ հաշվի առնելով խախտման բնույթը։

1.3. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելը քննիչի քրեադատավարական պատասխանատվության միջոց է։ Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հիմքն առերևույթ դատավարական խախտում է, ուստի դատախազը, քննիչին վարույթից հեռացնելով, վերջինիս ենթարկում է քրեադատավարական պատասխանատվության[1]: Քննիչին վարույթից հեռացնելը հետապնդում է առավելապես պատժիչ նպատակ. դատախազը քննիչի կողմից թույլ տված առերևույթ դատավարական խախտումների կապակցությամբ արտահայտում է պարսավանք[2]:

Տեսության մեջ քննարկվում է նաև քննիչին վարույթից հեռացնելու մասին դատախազի որոշումը դատական կարգով բողոքարկելու հարցը[3]: Ի դեպ, ՌԴ Սահմանադրական դատարանը 2005թ. հունիսի 23-ի N 269-О որոշմամբ նշել է, որ ՌԴ քր. դատ. օր-ի 19-րդ և 123-րդ հոդվածները (որոնք բովանդակային առումով համապատասխանում են ՀՀ քր. դատ. օր-ի 290-րդ հոդվածի 1-ին մասին) չեն պարունակում որևէ դրույթ, որը կախված դատավարության մասնակիցների կարգավիճակից, կսահմանափակի նրանց իրավունքները, այդ թվում՝ կբացառի այդ մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը խախտող որոշումները և գործողությունները դատական կարգով ստուգելու հնարավորությունը: Ավելին, նշված նորմերը և դրանց հետ կապված այլ նորմերն անմիջականորեն ամրագրում են  քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքը դատական կարգով բողոքարկել այն որոշումները և գործողությունները, որոնք վնասում են իրենց սահմանադրական իրավունքները և օրինական շահերը կամ խոչընդոտում են արդարադատության մատչելիությանը:

Այսպես՝ քննիչին վարույթից հեռացնելով և նրան դատավարական առերևույթ խախտումներ վերագրելով կարող են խախտվել քննիչի՝ որպես քաղաքացու հետևյալ սահմանադրական իրավունքները:

Առաջին՝ անմեղության կանխավարկած և արդյունավետ պաշտպանության իրավունք:

Երկրորդ՝ հետաքննության մարմնի աշխատակցի կամ քննիչի մասնագիտական արժանապատվության (արհեստավարժության) սահմանադրական իրավունք: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, իսկ 14-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից։ Մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքի դրսևորումներից է նաև մասնագիտական արժանապատվությունը, որը կոչված է պաշտպանելու ծառայողի գործարար համբավը, նրա արհեստավարժությունը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝

..3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունությունը,

…6) հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից,

7) հանրային ծառայողի արհեստավարժությունը:

Քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, նույնպես հանրային ծառայողներ են, և նրա մասնագիտական գործունեության նկատմամբ նույնպես տարածվում են վերը նշված սկզբունքները: Դատախազը, քննիչին կամ հետաքննության մարմնի աշխատակցին վարույթից հեռացնելով, կասկածի տակ է դնում քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի մասնագիտական կարողությունները, նրա հեղինակությունը, արհեստավարժությունը:

Այսպիսով, կարծում ենք դատախազի և քննիչի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու հարցի քննարկումը պետք է ընդգրկվի ՀՀ քրեական դատավարության բարեփոխումների օրակարգ:

Դատախազի կողմից քննիչին վարույթից հեռացնելն արտաքին բացասական ներգործություն է և դրա հետևանքներն ազդում են մարդու` գործը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական իրավունքի և նախաքննության բնականոն ընթացքի վրա։

Այսպիսով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չեն այն կոնկրետ դեպքերը, որոնց պարագայում միայն դատախազն իրավունք կունենա քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, հնարավորություն տալով դատախազին դրսևորելու կամայական մոտեցում, ինչն իրավաչափ չէ, կարող է չարաշահումների տեղիք տալ և հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Քննչական կոմիտեի նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ այդպիսի հիմքեր նախատեսված են օրինակ Մոլդովայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, որի համաձայն դատախազի վարույթից գործը վերցվում է միայն օրենքի դատավարության մասնակիցների իրավունքների կոպիտ խախտման կամ ապացույցների հավաքման ընթացքում անդառնալի թերացումների դեպքում:

Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հսկող դատախազի որոշումն անմիջական վերադաս դատախազի կողմից հաստատելու կարգի նախատեսում։ Նման մեխանիզմի նախատեսումը կունենա զսպող ազդեցություն, հնարավորություն կտա ոչ միայն լրացուցիչ կերպով ապահովել այդ որոշման օբյեկտիվությունը, այլև կբարձրացնի դատախազական հսկողության արդյունավետությունը:

Նախագծի համաձայն հետաքննության մարմնի կամ քննչական բաժնի պետը համապատասխանաբար հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու մասին հսկողություն իրականացնող դատախազի որոշմանը համաձայն չլինելու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում՝ դրա վերաբերյալ գրավոր առարկություններ է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին, իսկ Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների որոշումների վերաբերյալ` Երևան քաղաքի դատախազին։ Այս մոտեցումն ապահովվելու է քննչական բաժնի պետի և հսկող դատախազի լիազորությունների հստակ տարանջատում այս իրավահարաբերության ընթացքում և հանգեցնելու է դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը՝ իրավական որոշակիության պայմաններում:

Բաժնի պետին նման լիազորություն վերապահելը պայմանավորված է նրանով, որ հաճախ դատախազները, գործնականում բացասական դիտելով իրենց որոշումների դեմ հետաքննության մարմնի աշխատակցի կամ քննիչի բողոքարկումը, հետաքննության մարմնի աշխատակցի կամ քննիչի նկատմամբ իրականացնում են «պատժիչ» գործողություններ, օրինակ՝ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդություն են ներկայացնում, վերացնում են կայացրած տարաբնույթ որոշումներ, իսկ բաժնի պետին նման լիազորություն վերապահելը կչեզոքացնի այդ վտանգները:

Համանման կարգավորումներ տրված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում, որի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթով հսկող դատախազի վարութային ակտի, այդ թվում` քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման վերաբերյալ առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել