ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ քննչական կոմիտեի որոշ ծառայողների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագրերն ուշացումով ներկայացնելու հարցի վերաբերյալ, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՔԿ Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թ.Պետրոսյանը, Ներքին անվտանգության վարչության պետ Գ.Նավասարդյանը, Զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Ա.Մելիքյանը, ՀՀ ՔԿ դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Հ.Կիրակոսյանը:
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հանձնարարել է պարզել հայտարարագրերն ուշացումով ներկայացնելու պատճառները և միջոցներ ձեռնարկել՝ այսուհետ ժամկետների խախտումը բացառելու ուղղությամբ:
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ուղարկվել՝ հայտարարագրերը սահմանված ժամկետից ուշ ներկայացրած անձանց ցուցակը՝ հիշեցնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը սույն օրենքով և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»:
Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հրապարակել է սույն թվականի ապրիլի 12-ին Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ (https://ethics.am/hy/news/item/2018/04/12/news96/):
Հայտարարագրերի հրապարակայնացումից հետո տվյալների ամփոփման արդյունքներով դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը: Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:
Միաժամանակ, սույն թվականի մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակվում է:
Հանձնաժողովը սույն թվականի մայիսի 18-ին հրապարակել է 2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած անձանց ցանկը, որն, առանձին լրատվամիջոցների լրահոսում «մատուցվել է» որպես հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկ, ինչը չի համապատասխանում իրականությանը: