Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:
Սննդամթերքի մշակումը ճառագայթահարմամբ պետք է իրականացվի, եթե առկա է դրա տեխնոլոգիական անհրաժեշտությունը, հետևյալ նպատակներով`
1) միկրոօրգանիզմների ոչնչացմամբ` փտման (փչացման) ընթացքի դադարեցման կամ դանդաղեցման և սննդային թունավորումների վտանգի նվազեցման.
2) հասունացման, ծլման կամ ծլարձակման ընթացքի դանդաղեցմամբ` պահման ժամանակ սննդամթերքի կորուստների կրճատման.
3) բուսական ծագման սննդամթերքի և բույսերի համար վնասակար օրգանիզմների ոչնչացման:
Արգելվում է ճառագայթահարմամբ մշակված և ճառագայթահարմամբ մշակված բաղադրամաս պարունակող հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունը, ներմուծումն ու շուկայահանումը:
Արգելվում է հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունում գենետիկորեն ձևափոխված մթերքի, կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների օգտագործումը:
Արգելվում է սննդամթերքի արտադրությունում կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների, ինչպես նաև արգելված դեղամիջոցների մնացորդներ պարունակող պարենային հումքի օգտագործումը:
Լիազոր մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանը, որը պարունակում է արտադրանքի անվանումը, տեսակը, նշանակությունը, հիմնական բաղադրիչները, սննդային արժեքը և արտադրող կամ ներմուծող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները (անվանումը, գտնվելու վայրը):