ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 17-ին, կայացած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արայիկ Էդուարդի Հարությունյանի գրանցումը՝ հիմք ընդունելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը:
Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություններ` Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորներ Մանե Թանդիլյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 և թիվ 4 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին տալու վերաբերյալ:
ԿԸՀ արձանագրությամբ՝ «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արտակ Զեյնալյանի մանդատը տրվել է դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Կոնջորյանին: Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 13 տարածքային ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գրիգոր Ավալյանի մանդատը տրվել է կուսակցության թիվ 13 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Հակոբյանին:
Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Աղվան Վարդանյանի մանդատը, ԿԸՀ արձանագրությամբ, տրվել է կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ռուզաննա Առաքելյանին:
Արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Գրիգոր Մարտինի Սարգսյանի, Կարապետ Պավլիկի Միրաքյանի և Նարինե Ռոբերտի Մեհրաբյանի գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները: