«ԵՊՀ ռեստարտը» քննարկում էր կազմակերպել մայր բուհում՝ քաղաքական վերջին իրադարձությունների հետ կապված

Մայիսի 12-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, այլ բուհերի ուսանողներ, իսկ քննարկման առանցքում քաղաքական վերջին իրողություններն էին, «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, տարկետման իրավունքն ու կրթության որակի բարելավման հարցը:

Ուսանողներին ողջունեց «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը և շնորհակալություն հայտնեց երիտասարդներին քննարկումների կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ մասնակցելու համար:

Դ. Պետրոսյանը նախ ներկայացրեց քննարկման ձևաչափն ու հիմնական թեմաները՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր բուհի ներկայացուցիչ պետք է ներկայացնի իր բուհում տիրող իրավիճակը և առկա այն խնդիրները, որոնք կապված են զանգվածային բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցություն ունենալու հետ:

«Մեզ տեղեկություններ են հասել, որ մի շարք բուհերում շատ ուսանողներ և դասախոսներ խտրական վերաբերմունքի են արժանանում միայն այն բանի պատճառով, որ մասնակցել են քաղաքացիական անհնազանդություններին: Ուստի բուհերի ներկայացուցիչներին խնդրում եմ անդրադառնալ այս թեմաներին, որոնք կօգնեն մեզ հասկանալ մեր հետագա անելիքները»,- ասաց բանախոսը:

Այնուհետև ակտիվիստը նշեց, որ այսօր Հայաստանում հեղափոխություն է իրականացվել, որին ակտիվորեն մասնակցել են նաև երիտասարդները. «Կարևոր ժամանակաշրջան է մեր երկրում, որը և՛ պատվավոր է յուրաքանչյուր երիտասարդի համար, և՛ պատասխանատու: Այո՛, բուհը վերադարձել է ուսանողին, և մենք պարտավոր ենք մեր կրթօջախներում լավ ու բարենպաստ մթնոլորտ ստեղծել, քայլեր իրականացնել կրթության որակի բարելավման ուղղությամբ: Մենք պետք է ունենանք մրցունակ կրթություն և մեր մասնագիտական որակներով համապատասխանենք ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային աշխատաշուկայի պահանջներին»:

Դ. Պետրոսյանն ընդգծեց, որ քննարկման ընթացքում անդրադարձ կլինեն նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամին փոխանցվող գումարների նպատակային օգտագործման, ինչպես նաև բուհերի ու ուսանողական կառույցների ոչ քաղաքական լինելու խնդիրներին:

«Բուհերում բարձր մակարդակով պետք է իրականացվեն կառույցի ծավալած գործունեության թափանցիկության և ուսանողին հաշվետու լինելու գործընթացները: ԵՊՀ-ն յուրաքանչյուր տարի մեծ գումարներ է վճարում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Այդ գումարներով ոչ միայն կրթաթոշակներ են հատկացվում որոշ ուսանողներին, այլև ընտրակաշառքներ բաժանվում: Բուհը պետք է հաշվետու լինի ուսանողին, թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակներով են օգտագործվում բուհերի ռեսուրսները»,-ասում է Դ. Պետրոսյանը և հավելում, որ բուհերի և ուսանողական կառույցների ազատականացման և ոչ քաղաքական լինելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն, ուստի ծրագրված մտքերն իրականացնելու համար պետք է լինել համախմբված և հետևողական:

«ԵՊՀ ռեստարտի» ներկայացուցիչ Վահան Կոստանյանն էլ իր ելույթում նշեց, որ նմանաբնույթ հանդիպումներ շատ կարևոր են ուսանողների համար, ուստի դրանք պետք է շարունակական լինեն:

«Երկու ամիս առաջ այս դահլիճում «Բարձրագույն կրթության օրենքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս հայտարարեցի, որ ԵՊՀ-ն, ինչպես նաև ոչ մի այլ բուհ քաղաքական որևէ գործչի «հոր դուքյանը» չէ: Մենք այսօր շարունակում ենք բուհերի ազատականացման գործընթացը: Հաջորդ քայլերը համալսարանների ու ընդհանարապես կրթության ոլորտի խնդիրների լուծումները պետք է լինեն: Այսօրվա իրավիճակը սխալ կառավարման արդյունք է: Տարիներ շարունակ ուսանողների մեջ քնեցնում էին քաղաքացիական գիտակցությունը, իսկ հիմա պետք է քաղաքացիական կրթության ու դաստիարակության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել, որպեսզի ուսանողը հասկանա՝ ինչո՞ւ է փողոց դուրս գալիս և ինչի՞ համար է պայքարում: Բուհերի ղեկավարներին խորհուրդ ենք տալիս հաշվի նստել ուսանողների կարծիքների հետ: Այսօր ղեկավարներից և ոչ մեկը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, նրանք պետք է իրենց կամքով վայր դնեն լիազորությունները, հակառակ դեպքում մենք գիտենք՝ ինչպես պայքարել նրանց դեմ: ՈՒԽ-ների հետ նույնպես լուրջ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի ուսանողական այդ կառույցները կայանան: Հիմա, իհարկե, պարզ չէ, թե այսօր նրանք ընդդիմություն են դարձել, թե կրկին «չեզոք» են»,- ասաց Վ. Կոստանյանը:

Իսկ այն հարցին, թե ինչպես պայքարել բուհի քաղաքականացման դեմ, եթե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը, բանախոսը պատասխանեց. «Այո՛, նա շարունակում է զբաղեցնել տվյալ պաշտոնը, սակայն դա ժամանակի հարց է: Դեռ շատ փոփոխություններ կլինեն»:

Այնուհետև տարկետման իրավունքի խնդրին անդրադարձավ նախաձեռնության անդամ Սարգիս Բաբայանը, ով մանրամասն ներկայացրեց օրենքում կատարված փոփոխությունները՝ մասնավորապես տարկետման իրավունքը:

«Արդեն հստակ է, որ մտքի և մթնոլորտի հեղափոխություն է եղել: Շատ հարցեր պետք է քննարկվեն այլ մթնոլորտում, այլ մոտեցումներով ու ակնկալիքներով: Փաստորեն անցյալ աշնանը վերացվեց ուսանողին տարկետման իրավունք տրամադրելը, որոշ փոփոխություններ անելուց հետո ԱԺ-ում մեծամասնությունը կողմ քվեարկեց ու ընդունեց նախագիծը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը բավականին երկար պայքարեց, բայց կոնկրետ արդյունքներ չեղան: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետով ՀՀ կառավարությունը որոշեց միայն «բացառիկ հանճարեղ» ուսանողներին տարկետում տրամադրել, իսկ ներկայացված պահանջներն ու չափանիշներն այնքան բարձր են, որ գրեթե անհաղթահարելի են ուսանողների համար»,- ասաց Ս. Բաբայանը և հույս հայտնեց, որ այսօրվա քննարկումները փոփոխությունների հիմք կհանդիսանան:

Քննարկման կազմակերպիչները, պատասխանելով մասնակիցների հարցերին, նշեցին, որ պետք է առաջարկությունների փաթեթ մշակել և ներկայացնել ՀՀ կառավարությանը:

«Կարևոր է գիտակցել, որ նախ պետք է սպասել նախարարություններում կատարվելիք փոփոխություններին, հետո միայն կոնկրետ առաջարկություններ անել: Մենք ժամանակ ունենք քննարկումների միջոցով առաջարկությունների ու փոփոխությունների փաթեթ մշակելու համար»,- շեշտեց Դ. Պետրոսյանը:

Քանի որ տարկետման իրավունքի վերաբերյալ հարցերը բավականին շատ էին, Դավիթը ներկաներին առաջարկեց Սարգիս Բաբայանին հարցերն ուղղել վիրտուալ հարթակում՝ ֆեյսբուքի միջոցով:

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դ. Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ իրենց պայքարը ոչ թե անձերի դեմ է, այլ հանուն գաղափարների: Եվ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր դեմ կլինեն ակադեմիական ազատությանը, ապա այդ դեպքում նոր կանդրադառնան նրանց: Կարևոր է նաև այլ բուհերում ձևավորված «Ռեստարտ» խմբերի աշխատանքի կանոնակարգումը:

Հանդիպման երկրորդ մասում Դ. Պետրոսյանի նախաձեռնությամբ բուհերի ուսանողները խմբեր կազմեցին և սկսեցին հերթով ներկայացնել այն խնդիրներն ու փոփոխությունների առաջարկները, որոնք իրենց բուհի համար առաջնային են:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խնդիրներին անդրադարձավ Հայկ Մակյանը: Խոսեց այն մասին, որ բուհը հեռացել է Կոմիտասից և իր անունից, այն պետք է վերադարձնել իր արժեքներին կամ փոխել բուհի անունը: Բուհին անհրաժեշտ է բարոյական և գեղագիտական հեղափոխություն: Առաջնային խնդիրներից է նաև ուսանողի ազատ ինքնադրսևորումը: Այժմ երաժշտությունը միայն ծառայում է և մոռացել է արվեստի մասին: Կարևոր խնդիր է նաև ֆինանսների և գույքի ճիշտ տնօրինումը: Կոնսերվատորիայի ողջ գույքը պետք է ծառայի իր ուսանողին:

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ներկայացուցիչ Էլինա Խանոյանը ներկայացրեց ուսանողների դժգոհությունն  ուսումնական նյութի վերաբերյալ: Ըստ նրա՝ գրքերը շատ հին են, սովետական, կիսատ-պռատ կրկնօրինակներ. այս ամենը բժշկության բնագավառում անթույլատրելի է: Ուսանողների վարձավճարները բարձր են, բայց չունեն համապատասխան ուսումնական նյութ: Սրանք, իհարկե, փոխկապված են ֆինանսների հետ, և ուսանողներին անհանգստացնում է այն, որ անընդհատ բարձրացող վարձավճարները չեն լուծում ուսումնական նյութերի խնդիրները:

Առաջարկ եղավ, որ կիսամյակի վերջում ղեկավար անձնակազմը ներկայացնի հաշվետվություն, որտեղ արձանագրված կլինեն բուհի ծախսերը, որպեսզի ուսանողը հասկանա, թե ուր է գնում իր վարձավճարը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Դավիթ Աբրահամյանն էլ իր խոսքում առանձնացրեց ընդունելության քննությունների ոչ ճիշտ կազմակերպումը, դասախոսների խղճուկ աշխատավարձն ու այդ աշխատավարձով նվիրումով աշխատող դասախոսների աշխատանքը: Պետական ֆինանսավորման կրճատման պայմաններում դասախոսների նվիրումն անգնահատելի է:
Առաջարկվեց կոնսերվատորիայի ուսանողների հետ մշակութային հեղափոխություն սկսել, իսկ մարդկանց միավորել գեղագիտական ճաշակի շուրջ:

Շուշան Հարությունյանը, ով ներկայացնում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, առանձնացրեց կրթական ծրագրի ակտուալացման խնդիրը: Ուսանողները շատ հաճախ գիտական աշխարհից տեղյակ չեն լինում, իսկ գիտաժողովների մասին տեղեկանում են դրանց ավարտից հետո: Պետք չէ ամեն տարի ուսանողից ծնողազուրկ լինելու մասին թուղթ ուզել:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Անդրանիկ Մարգարյանը խոսեց Երիտասարդական հիմնադրամի կողմից բուհին տրվող ֆինանսավորման ոչ ճիշտ կառավարման մասին և առաջարկեց բուհում միջազգային անկախ աուդիտ անցկացնել: Նա անդրադարձավ նաև դասախոսների ռեյտինգավորման խնդրին, որի արդյունքների մասին ուսանողները չեն տեղեկանում: Խոսելով ուսանողական խորհուրդների մասին, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ լավ կլինի բուհերում լինեն նաև ուսանողական այլ խմբեր, որոնք կապահովեն բազմակարծությունը:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, բուհում մասնագիտական առարկաները շատ քիչ են, իսկ հումանիտար առարկաները շատ: Անդրադառնալով մասնագիտական պրակտիկայի խնդրին՝ նշեց, որ իրենց պրակտիկան անցկացնում են Երևանի կենդանաբանական այգում՝ կենդանիներ նկարելով, որը հետագայում իրենց մասնագիտության մեջ պետք չի գալիս: Ըստ նրա՝ այս հարցը շատ լավ կլիներ, որ վերանայվեր:

Երևանի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Արամ Պետրոսյանը խոսեց իրենց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ցածր աշխատավարձի, ինչպես նաև դասախոսների մասնագիտական ցածր որակավորման մասին: Անդրադառնալով ուսանողական խորհուրդներին՝ նա նշեց, որ ուսանողական խորհուրդների վերաբերյալ «Կրթության մասին» ՀՀ օրենքում հատուկ կետ չկա այն մասին, թե ինչպես պետք է անցկացվի բուհի ՈՒԽ-ի ղեկավար կազմի ընտրությունը:

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանող Մհեր Կորկոտյանը նշեց, որ իրենց համալսարանում նույնպես ստեղծվել է «Ռեստարտ» նախաձեռնություն, որը մեծ հաճույքով համագործակցելու է մյուս բուհերի նմանատիպ նախաձեռնությունների հետ: Նա նաև առաջարկեց ստեղծել համաբուհական «Ռեստարտ» նախաձեռնություն: Ուսանողի խոսքով, այսօր անհրաժեշտ է, որ տարբեր բուհերում գործող ուսանողական խորհուրդները լինեն ապակուսակցական: Նույն բուհը ներկայացնող ուսանող Աստղիկ Կիրակոսյանը նշեց, որ իրենց բուհի ուսանողական խորհուրդը կուսակցականացված է:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող Հեղինե Պապոյանի խոսքով, իրենց համալսարանի կարևոր խնդիրներից մեկն այն է, որ բացակայություններին ավելի շատ են ուշադրություն դարձնում, քան ուսանողի մասնագիտական հմտություններին: Նա նաև նշեց, որ իրենց բուհի լաբորատորիաներում վերապատրաստված լավ մասնագետների պակաս կա:

Երևանի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների խնդիրները ներկայացնող ուսանող Լևոն Չուկակլյանն անդրադարձավ բուհի հաշվետվողականության և տարբեր ֆակուլտետներում ուսման վարձավճարների գնագոյացման խնդիրներին: Ըստ նրա՝ բուհն իր ֆինանսական միջոցների մասին պետք է հաշվետու լինի, ինչպես նաև պետք է ներկայացնի, թե որ ֆակուլտետում ինչ հիմնավորմամբ է ուսման վարձավճարի չափը փոխվում: Նա նաև անդրադարձավ անվճար սովորողների կրթաթոշակների հետ կապված խնդիրներին, ինչպես նաև վճարովի լուծարքներին: Նրա խոսքով, բուհի ուսանողների փոխանակման ծրագրերի մասին տեղեկատվությունը համալսարանի տարբեր ֆակուլտետների կայքերում ուշ են տեղադրվում, և ուսանողները չեն հասցնում մասնակցել ծրագրերին: Լ. Չուկակլյանն, անդրադառնալով բուհում հաշմանդամ ուսանողների տեղաշարժման խնդրին, նշեց, որ բացակայում են թեքահարթակները:

ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների խնդիրների մասին բարձրաձայնեց նաև Ավետ Կարեյանը: Նա խոսեց մասնագիտական պրակտիկաների կրճատման խնդրի մասին: Ըստ նրա՝ պրակտիկաները չպետք է լինեն ընտրովի: Նա նաև խոսեց ոչ մասնագիտական առարկաների թերուսուցման և օտար լեզուների մատուցման ցածր որակի մասին: Անդրադարձավ հայալեզու գրականության պակասին, միջանկյալ գրավոր քննությունները մեկ շաբաթում հանձնելու հարցին:

Երևանի պետական համալսարանի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետների խնդիրները ներկայացնող Արշակ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ԵՊՀ-ի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետներում անհրաժեշտ է դասախոսական կազմի երիտասարդացում: Նա ասաց, որ պետք է ստեղծել նոր հիմնադրամ, քանի որ «Լույս» հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը:

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչ, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանող Մանյա Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել այսպիսի նախաձեռնություններին և օգնել բուհերում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել:

Հանդիպման վերջում ուսանողները հանդես եկան տարբեր առաջարկություններով, ինչպես նաև «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն նմանաբնույթ հանդիպումները շարունակելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել