Ինչպե՞ս է արձագանքել Արայիկ Խանդոյանը՝ ներքաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխություններին

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է, որ նա և իր պաշտպանյալը ավելի մեծ հույսեր են կապում գործի՝ իրենց համար դրական լուծման հետ:

«Ըստ էության, դատավորների վրա ճնշումներ գործադրող անձիք չեն լինի և հույսով եմ, որ դատարանները արդարադատություն կիրականացնեն: Ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» գործերը քննող և ընդհանրապես քաղաքական գործեր քննող դատավորների վրա կան ճնշումներ: Օր առաջ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվեց, սակայն ինչպես գիտենք՝ նույն դատավորին նույն պահանջով 5-ից ավելի միջնորդություններ էին ներկայացվել: Քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխություններից հետո միայն Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց»,-նշեց պաշտպանը և հավելեց, որ օրենքի առաջ պետք է կանգնեն այն դատավորները, դատախազները, որոնք անօրինական, առանց հիմքերի մինչև հիմա ապօրինություններ են իրականացրել:

Արա Ղարագյոզյանը նշեց նաև, թե ինչպես է արձագանքել Արայիկ Խանդոյանը ներքաղաքական դաշտում տեղի ունեցած այս փոփոխություններին:

«Արայիկ Խանդոյանը շատ ուրախ է, քանի որ նրանց գործողություններն էլ էին ուղղված նոր Հայաստան ունենալուն: Ավելի արդար Հայաստան, որի ժամանակով իշխանությունը կփոխվեր: Իմ պաշտպանյալը կողմ էր Նիկոլ Փաշինայնի իրականացրած գործողություններին և շատ ուրախ է դրանց կատարման համար»,-նշեց նա:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել