Այսօր Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր 《Հայաստանի Հանրապետական կուսակցություն》խմբակցության հարցերին։
Նրան հարցով դիմեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և խնդրեց հարցերին պատասխանել միայն 《այո》կամ 《ոչ》։
Բաբլոյանը նախ հարցրեց, արդյո՞ք այս օրերին Փաշինյանը ուներ հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն: Փաշինյանը պատասխանեց, որ` այո, ուներ։
Այնուհետև Բաբլոյանը հարցրեց. 《Այս օրերին ունեի՞ք խոսքի ազատություն》:
《Ինչպես այս օրերին, այնպես էլ իմ ամբողջ կյանքում, ունեցել եմ խոսքի ազատություն》,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Ազգային ժողովի նախագահը նաև հարցրեց` այս օրերին ժողովուրդը ունե՞ր իր կամքը արտահայտելու ազատ իրավունք, որին Փաշինյանը պատասխանեց, որ ժողովուրդը միշտ ունի իր կամքը ազատ արտահայտելու իրավունք:
《Դուք գտնում եք, որ այս ամենը ժողովրդավարության դրսևորո՞ւմ է》,- հարցրեց Բաբլոյանը և հնչեց պատասխանը. 《Այո, աներկբա》:
ԱԺ նախագահը հարցրեց. 《Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը առաջացել է 2008 թվականից հետո》։
《Ոչ: Արցախ և Էրեբունի խաչմերուկից Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խումբն ինձ առևանգել և տարել է անհայտ ուղղությամբ, այդ հարցերը ինչո՞ւ եք տալիս: ՀՀ քաղաքացին վեր է կացել և նվաճել է իր ազատությունը, եթե դուք ակնկալում եք, որ որևէ մեկին պետք է դրա համար շնորհակալություն հայտնենք, մենք քաղաքավարությունից ելնելով էլի կարող ենք շնորհակալություն հայտնել, բայց դա ՀՀ ժողովրդի, քաղաքացիների ձեռքբերումն է, հնարավորությունն է, որը նրանք ստեղծել են սեփական ձեռքերով》,-պատասխանեց Փաշինյանը։
Արա Բաբլոյանը նշեց, որ ամեն դեպքում ժողովուրդը կգնահատի Նիկոլ Փաշինյանի պատասխանը և իր տված հարցերը: «Այսինքն՝ մենք կարող ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ կա》։
«Մենք հենց այդ հնարավորության մասին ենք խոսում, մենք ունենք դրական տեղաշարժ և ուզում եմ ՀՀ ժողովրդին, բոլորի քաղաքացիներին, բոլորին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար: Բայց հիմա հավաքների ազատության իրավունքը եթե իսկապես գոյություն ունի, ինձ թողեք, գնանք ազատ հավաքը անցկացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: