ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ է կազմակերպել «Տաշիր Ինվեստ Գրուպ» (հասցե՝ Մ․ Խորենացի 33) և «Ռոսիա մոլ» (հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա 16) առևտրաժամանցային կենտրոններում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:
Վարժանքի նպատակներն են` ստուգել տնտեսվարողների անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Համաձայն վարժանքների սցենարի՝ առևտրի կենտրոններում առաջացել է հրդեհ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը չեն գործել: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, առաջին հարկը ծխապատ է, և առկա է մարդկանց տարահանման խնդիր:
Վարժանքի մեկնարկից հետո Փրկարար ծառայության ուժերն իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, հետախուզում, աշխատակիցների և հաճախորդների տարահանում, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում և այլն:
Անցկացված վարժանքների ընթացքում երկու առևտրաժամանցային կենտրոններում էլ հայտնաբերվեցին որոշակի թերություններ, սակայն «Ռոսիա մոլ»-ում թերությունները համեմատաբար ավելի քիչ էին։ Բավական արդի և աշխատունակ է ժամանցաառևտրային կենտրոնի հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը, սակայն կան խնդիրներ ազդարարման համակարգի աշխատանքում։ «Տաշիր» առևտրաժամանցային կենտրոնում հակահրդեհային անվտանգության համակրգերի թերություններն ավելի շատ էին, մասնավորապես՝ ազդարարման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերի թերի աշխատանքը, հրդեհաշիջման միջոցների ոչ բավարար քանակը։ Երկու տեղում էլ թերի է առևտրի կենտրոնների անվտանգության աշխատակիցների պատրաստվածությունը, մասնավորապես՝ առաջին օգնության բաղադրիչներին տիրապետելու և այցելուների տարահանման կազմակերպման հարցում։
ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկում ունեցան տոնավաճառների պատասխանատուների հետ՝ արտակարտգ իրավիճակներում անձնակազմի առաջին գործողությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում կազմակերպել դասընթացներ՝ հրդեհի դեպքում անձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ համատեղ ուժերով շտկել առկա թերությունները:
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարահանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: