Վաղը՝ ապրիլի 29-ին հանրապետության ողջ տարածքով կվերսկսվեն քաղաքացիական անհնազանդության ակցիաները: Այս մասին ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ:
Հանրահավաքի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը վարչապետի իր թեկնածուի առաջադրման հետ կապված հայտնեց իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ սեփական թեկնածու չի առաջադրի: Հանրահավաքից ավարտից հետո պարզ դարձավ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը, ըստ որի՝ դաշինքը միասնաբար կքվեարկի ժողովրդի կողմից առաջադրած վարչապետի թեկնածուի օգտին:
Այժմ Փաշինյանն իր համախոհների հետ միասին ավտոերթով ետ է վերադառնում Երևան:
«Ելք» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը Իրավաբան.net-ի հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ պլաններում ոչինչ չի փոխվել. «Վաղը 12-ից փողոցներն են փակվելու, իսկ երեկոյան 19:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է սպասվում»,-նշեց նա:
Ակցիաները կշարունակվեն մինչև մայիսի 1-ը՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը: