«Ո՛չ սպանվողին եմ ճանաչում, ո՛չ էլ սպանողներին». Հակոբ Հակոբյանը՝ Նվեր Հովհաննիսյանի սպանության և Մանվել Գրիգորյանի մեղադրանքների մասին

Ապրիլի 23-ին սպանվել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը: Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանը Նվեր Հովհաննիսյանի դանակահարության համար մեղադրում են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (ով հայտնի է «Ճոյտ» անունով) և նրա համակիրներին:

Իրավաբան.net-ի հետ զրույցում սակայն Հակոբ Հակոբյանը հերքեց իր կապը սպանության հետ. «Ո՛չ սպանվողին եմ ճանաչում, ո՛չ էլ սպանողներին»:

Նա նշեց նաև, որ սպանության վայրում բազմաթիվ տեսախցիկներ կան տեղադրված, «որոնցով երևում է, թե ով է գնացել, ով է արել»:

«Ես կարող եմ հայտարարել, որ սպանողին չեմ ճանաչում: Նրանք այնքան հեռու են եղել, որ ես ու իմ մարդիկ չէինք կարող ինչ-որ բան անել: Եթե ես այնտեղ գտնվեի, ապա առաջին հերթին կկանխեի, թույլ չէի տա, դանակը ձեռքներից կվերցնեի, կպայքարեի, այդ մարդուն կտանեի հիվանդանոց»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Իրավաբան.net-ի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է  Մանվել Գրիգորյանը նրան մեղադրում սպանության համար պատասխանեց. «Մանվել Գրիգորյանը ցայտնոտնի մեջ է: Հիմա եկել է ժամանակը, երբ նա պետք է պատասխան տա այն ամենի համար ինչ արել է, իր ալան-թալանների համար: Նախկինում երբեք չի քննադատվել իր գործելաոճը, իսկ հիմա նա տեսնում է, որ ես կարող եմ նրանց նկատմամբ կազմակերպել գործեր՝ օրինական ընթացքներով, և սրանով ինքը փորձում է ինքնապաշտպանվել: Յուրաքանչյուրը իր արածի համար պատասխան պիտի տա: Ոչ ֆիզիակական, ոչ այլ ձևով, միայն օրենքի առաջ»:

Սակայն, թե ինչ գործերի մասին է խոսքը, Հակոբ Հակոբյանը չպարզաբանեց:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել