Սպանվել է Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահը

Ապրիլի 23-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածնում մահացու դանակահարել են արցախյան պատերազմի ազատամարտիկ, քառօրյա պատերազմի մասնակից, Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից 46-ամյա Նվեր Հովհաննիսյանին:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության և կապերի բաժնի պետ Մարիամ Պողոսյանը:

«Դեպքի առթիվ որոշ լրատվամիջոցներ տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, նշվում է օրինակ, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երևան, հաշվի չառնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, երբ որևէ երթ չի եղել և խոսք լինել անգամ չի կարող երթը խոչընդոտելու մասին:

Բանն այն է, որ որոշ անձինք, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, Էջմիածնի հրապարակում կատարել են սադրիչ գործողություններ և հայտարարություններ: Կոչեր էին անում գրավել քաղաաքապետարանը, վնասել պետական գույքը և այլն: Սադրիչներին էլ առաջնորդում էր նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ մականվամբ): Այդ սադրիչնրերից մեկն էլ այդտեղ դանակահարել է Նվեր Հովհաննիսյանին: Դանակահարողը հենց Հակոբ Հակոբյանը չի եղել, բայց իր մարդկանցից է եղել»,- նշեց Պողոսյանը:

Արդյունքում` կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վիրավորումից վիրահատության ժամանակ Նվեր Հովհաննիսյանը մահացել է:

Էջմիածնի քաղաքապետարանը կոչ է անում չտրվել սադրանքներին, չլսել սադրիչների կեղծ կոչերը, զերծ մնալ անօրինական գործողություններից եւ սթափ գնահատել ստեղծված իրավիճակը, չդառնալ գործիք սադրիչների և հանցագործների ձեռքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել