Լրատվամիջոցները հաղորդում են, որ Էրեբունի համայնքում գտնվող 64 հիմնական դպրոցի տնօրեն Երանուհի Հարությունյանը կիրակի՝ ապրիլի 22-ին, զանգահարել է դպրոցի ուսուցիչներին և ստիպել, որ գնան Էրեբունի թաղապետարանի մոտ և սատարեն թաղապետ Դավիթ Գրիգորյանին։ Հակառակ դեպքում սպառնացել է աշխատանքից ազատել չգնացողներին։
Իրավաբան.net-ի հետ զրույցում Երանուհի Հարությունյանը նշեց, որ նրան զրպարտում են. «Ես այդպիսի բան երբեք ոչ ոքի չեմ ասել: Լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, սակայն դա զրպարտություն է, սուտ: Ուսուցիչները զբաղվում են իրենց բնականոն աշխատանքով, այդ ամենը զրպարտություն է»:
Իրավաբան.net–ի լրագրողի հարցին, թե իրեն զրպարտելու համար արդյո՞ք չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին՝ դպրոցի տնօրենը պատասխանեց. «Այս խառը ժամանակները թող անցնեն՝ կտեսնենք»:
Հիշեցնենք, որ Երանուհի Հարությունյանը այն դպրոցի տնօրենների շարքում էր, որոնք մեղադրում էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության համար և պահանջում էին բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 2-ական միլիոն դրամ և հերքում:
Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր ձայնագրությունների ցանկ, որով մեղադրում էր մի շարք դպրոցնների տնօրենների՝ իշխող Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելու համար:
Դպրոցը գտնվում է Էրեբունի համայնքում՝ Վարդաշենի 3-րդ փողոցում։
Եվգենյա Համբարձումյան