Աբովյան-Երևան երթուղին շարունակում է չգործել

Մոտ մեկ շաբաթ է, ինչ Աբովյանի քաղաքացիները  զրկված են միջքաղաքային հանրային տրանսպորտի ծառայություններից օգտվելու հնարավորությունից:

Խնդրի հետ կապված «Իրավունքի ուժ »  ՀԿ-ն հարցում  է ուղարկել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին՝ պարզելու համար, թե Աբովյանի և այլ քաղաքների կոնկրետ որ տրանսպորտի միջոցները չեն սպասարկել կամ թերի են սպասարկել հանրությանը և ինչ պատճառաբանությամբ ՝ խնդրելով նաև ինֆորմացիա տրամադրել, թե որ կազմակերպություններն են սպասարկում այն երթուղիները, որոնք չեն սպասարկել կամ թերի են սպասարկել հանրությանը, ինչ քայլեր են ձեռնարկվել իրավիճակը շտկելու և համապատասխան  կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Աբովյանի որոշ բնակիչներ դիմել են համայնքապետարանի տրանսպորտի և կապի բաժնի պետ  Աշոտ Գյուլումյանին պարզելու,  թե իրավական ինչ հիմքերով են դադարեցվել ուղևորափոխադրումները Աբովյանից դեպի Երևան և ինչ քայլեր են արվել իրավիճակը շտկելու համար:

Քաղաքացիների հարցմանը ի պատասխան՝ Աշոտ Գյուլումյանը նշել է, որ համայնքապետարանը չի զբաղվում միջքաղաքային տրանսպորտի հետ կապված խնդիրներով:

Քաղաքի բնակիչների մի մասը Երևան է  հասնում ուղևորափոխադրումը 300 դրամով իրականացնող տաքսիների միջոցով:  Իսկ որոշ դեպքերում Երևան գնացող վարորդները առաջարկում են անվճար տեղափոխել բնակիչներին :

Հիշեցնենք նաև, որ  անցած մի քանի օրերի ընթացքում չեն գործել նաև Արարատի, Եղվարդի (վերջինս արդեն վերականգնվել է քաղաքի բնակիչների ցույցի արդյունքում) և Հայաստանի այլ քաղաքների միջքաղաքային հանրային տրանսպորտի միջոցները:

Սոնա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել