Ոստիկանությունը լիազորություն չունի ներկայացնելու այնպիսի պահանջներ, ինչպիսին կարող է համարվել «ողջամիտ հեռավորության պահպանում»-ը

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտարարում է հետևյալը.

  • Ժողովրդավարական հասարակություններում հավաքների, այդ թվում՝ երթերի, ցույցերի, պիկետների կազմակերպման և մասնակցության ազատությունը (իրավունք) գերակայություն ունի այնպիսի իրավունքների նկատմամբ, ինչպիսիք են՝ հանգստի և ազատ տեղաշարժման իրավունքը:
  • Ուսումնական հաստատությունների (համալսարան, միջին մասնագիտական կրթական հաստատություն, դպրոց և այլն) ղեկավարների կողմից աշակերտների և ուսանողների կողմից դասադուլ իրականացնելուն խոչընդոտելը ֆիզիկական հնարավորությունների սահմանափակմամբ (լսարանների կամ դասարանների դռների փակում և այլն), հանդիսանում են այդ քաղաքացիների սահմանադրական իրավունքի խախտում:
  • ԶԼՄ-ների գործառույթների իրականացման խոչընդոտումը ոչ միայն համարվում է քրեորեն հետապնդելի արարք, այլ ուղիղ հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին:
  • ՀՀ Ոստիկանությունն իր պաշտոնական հայտարարություններում լիազորություն չունի քաղաքացիներին և ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացնելու օրենքով չսահմանված այնպիսի պահանջներ, ինչպիսին կարող է համարվել «ողջամիտ հեռավորության պահպանում»-ը: Նման պահանջների ներկայացումը այդ պետական կառույցի կողմից կարող է ինքնին գնահատվել ԶԼՄ ներկայացուցիչների գործառույթների իրականացմանը խոչընդոտում՝ հաշվի առնելով այն, որ ԶԼՄ ներկայացուցիչները ապահովում են իրադարձությունների ամբողջական և օբյեկտիվ լուսաբանում, ինչը կարող է և դուր չգալ ոստիկանությանը:

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն խստորեն դատապարտում է ոստիկանության կողմից դրսևորվող յուրաքանչյուր հնարավոր անհամաչափ գործողություն խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ, կոչ է անում ՀՀ պետական պատասխանատու կառույցներին՝ այսուհետ գործել բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում և իր մասնագիտական գործուն աջակցությունն է հայտնում բոլոր դիմողներին:

«ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել