Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները

Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին և բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթևեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի և այլ իրավունքների և ազատությունների իրացմանը:
Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են Ոստիկանության կողմից հասարարական կարգի վերականգնմանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր անմիջական պարտականությունների կատարմանը՝ իրավախախտ քաղաքացիների նկատմամբ իրավական համաչափ ներգործության միջոցների կիրառմամբ:
Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները, որոնք վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը:
Ոստիկանությունն ստիպված է լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն՝ իրավախախտումները խափանելու ուղղությամբ:
Ապօրինի հավաքի ճանապարհների երթևեկելի հատվածներով երթ իրականացնող մասնակիցներին կրկին անգամ կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները, զերծ մնալ Ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց, վերջիններիս վիրավորելուց: Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում քաղաքացիների իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումները դադարեցնելու, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտնագող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները հնարավորություն կտան Ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին և ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը:

Ոստիկանություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել