Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու և նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքը՝ հայատարարելով, որ սա երկրորդ նման միջադեպն է՝ նախօրեին Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագրի նկատմամբ կիրառված բռնությունից հետո։
«Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում՝ արդյոք լրագրողին ծեծի ենթարկող անձինք իսկապե՞ս ոստիկաններ են։ Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա պահանջում ենք ծառայողական քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողներին», – ասված է հայտարարությունում։
Միությունը նշում է, որ հետամուտ է լինելու լրագրողների նկատմամբ կիրառված բռնության և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողություններին՝ դրանց բոլոր իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար։
Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է Ոստիկանությունից «առավել զգոնություն ցուցաբերել բողոքի ակցիաների ընթացքում աշխատող լրագրողների նկատմամբ՝ կանխելու համար հանցագործ տարրերի կողմից նրանց նկատմամբ հնարավոր բռնության դեպքերը»։
«Միաժամանակ կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ բացառելով որևէ իրադրությունում լրագրողների նկատմամբ՝ ինչպես ակցիաների մասնակիցների, այնպես էլ՝ իրավապահ մարմինների կողմից լրագրողներին բռնության ենթարկելու դեպքերը», – ասված է հայտարարությունում։
Նշենք, որ այսօր առավոտյան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը։
Նա այժմ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
Մուրադյանի փոխանցմամբ, քաղաքացիական հագուստով ոստիկաններ են իրեն ծեծի ենթարկել։