Այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների հետ:
Այս մասին տեղեկացնում է դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանձնաժողովների գործունեությանը, ինչպես նաև քննարկվել արդյունավետ ուղղություններ՝ հանձնաժողովների աշխատանքները նոր դատական օրենսգրքի պահանջներին համահունչ դարձնելու կապակցությամբ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել է «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով Հանձնաժողովներին վերապահված լիազորություններին, դրանց լիարժեք իրագործմանը, կառուցակարգային այլ հարցերի: