Կենտրոնի և Նոր նորքի ոստիկանական բաժինների մոտ հարազատները լուրերի են սպասում բերման ենթարկվածներից

Ցույցի մասնակիցներից Կարեն Գալստյանին ոստիկանները բերման են ենթարկել Նոր նորքի ոստիկանանական բաժանմունք: Նա 21 տարեկան է, ոստիկանության բաժանմունքում է 11:30-ից:

Կարենի քրոջ խոսքով՝ ոստիկանները նրան ոչինչ չեն ասել. «Ուղղակի խանութից տարել են»:

Իրավաբան.net-ը տեղեկացավ նաև, որ Կարեն Գալստյանը մասնակցել է «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպած ցույցերին, սակայն բերման ենթարկելու պահին հեռու է եղել ցուցարարներից:

Բակում սպասում են նաև մյուս բերման ենթարկվածների ծնողներն ու հարազատները:

Փաստաբանները դեռ ներսում են:

Կենտրոնի ոստիկանության բաժին են բերման ենթարկել Ռոբերտ Գրիգորյանին, Համլետ Հովսեփյանին, Արթուր Մարգարյանին, Զավեն Խաչատրյանին: Նշենք, որ վերջին 2-ը անչափահասներ են: Նրանց բերման են ենթարկել, երբ նրանք զբոսնում էին փողոցում: Ոստիկանության բաժնի մոտ նրանց սպասող հարազատները նշում են, որ 3 ժամից ավել է, ինչ նրանք այնտեղ են:

«Ոստիկանությունը ինչ-որ մեղադրանքներ է ներկայացրել, որ նրանք ապրիլի 16-ին, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «Իմ քայլը» երթի ժամանակ ամբոխի հետ միասին մտել են Հանրային ռադիո: Նշվում է, որ նրանք էլ են մասնակցել այդ զանգվածային անկարգությանը: Շարունակվում է քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացը և քիչ առաջ էլ 5 հոգու բերման ենթարկեցին, իսկ մինչ այդ ևս 2 հոգու»,-նշեցին նրանք:

Բերման ենթարկվածներից մեկի համար շտապօգնություն է ժամանել ոստիկանության Կենտրոնի բաժին: Անձին բերել էին ցույցերի հետ կապ ունենալու կասկածանքով, սակայն հետագայում ազատ են արձակել:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել