Սերժ Սարգսյանը հետաքրքիր թվեր ներկայացրեց՝ ՀՀ բնակչության բարեկեցության բարելավման վերաբերյալ

Ինչպես հայտնել ենք, այժմ ԱԺ հատուկ նիստում ելույթ է ունենում ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը, ով վերջին 10 տարիների ընթացքում պաշտոնավարել է որպես ՀՀ նախագահ:

Նա պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, ասաց, թե ցանկանում է հակիրճ ներկայացնել՝ ինչի է հասել ՀՀ-ն այս 10-11 տարիների ընթացքում:

Նա իր խոսքում նշեց, թե ընդդիմադիրները խոսում են տնտեսության կրճատման մասին, սակայն վիճակագրական տվյալները այլ բանի մասին են խոսում: Օրինակ, 2007 թվականի սկզբին ՀՆԱ-ն կազմել է 2 տրիլիոն 656 միլիարդ դրամ, իսկ 2017-ի հունվարին՝ 5 տրիլիոն 580 միլիարդ դրամ: Այսինքն, 2.1 անգամ ավելացել է:

Մեկ անձի շնչքով ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2007-ի հունվարին կազմել է 849 հազար դրամ, իսկ 2018-ի սկզբին՝ 1 միլիոն 883 հազար դրամ: Այսինքն, աճը եղել է 2.2 անգամ:

Սերժ Սարգսյանը հետաքրքիր ցուցանիշներ ներկայացրեց նաև քաղաքացիների՝ առևտրային բանկերում ունեցած ավանդների վերաբերյալ. եթե 2007-ի հունվարին ՀՀ քաղաքացիները բանկում ունեցել են 143.6 միլիարդ դրամի ավանդ, ապա 2018-ի սկզբին այդ թիվը կազմել է 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ:

Նա հավելեց, թե որպեսզի կանխի այն միտքը, թե ՀՀ-ում միայն հարուստները ավանդներ ունեն, ասաց, որ այդ ավանդատուների հիմնական մասի խնայողությունները կազմում են մինչև 7 միլիոն դրամ: Բանկում ավանդներ ունեն շուրջ 1 միլիոն ՀՀ քաղաքացի:

Բնակիչների բարեկեցության բարձրացման մեկ այլ ցուցանիշ ներկայացվեց այն, որ 2007 թվականի հունվարին հաշվառված է եղել 333 հազար ավտոմեքենա, իսկ 2018-ի հունվարին՝ 616 հազար ավտոմեքենա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել