«Մենք վաղը «Փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնենք ավելի և բլոկադայի ենթարկենք Ազգային ժողովի բոլոր մուտքերը»,-նման հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով այդ գործողությունները պետք է սկսել այսօր շարունակել ողջ գիշերվա ընթացքում։ «Մարդիկ ասում են, թե գիշերը դրսում չեն մնա, բայց մի գիշերն ինչ է, որ որ այս լավ եղանակին մարդիկ դրսում չմնան»,-նշեց պատգամավորը։
Նա կոչ արեց բոլորին վաղը դասադուլ և գործադուլ անել։ Իսկ փողոցների փակելու համար օգտագործել նստարաններ, մեքենաներ, աղբարկղեր և այլն, իսկ եթե ոստիկանական էվակուատորներ մոտենան՝ իջեցնենք նրանց մեքենաների անիվները։
Փաշինյանը ներկայացրեց, թե այսօր ինչ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում, ոստիկանների և քաղաքացիների հետ ընդհարման ժամանակ նա կարծես թե կորցրել է պատգամավորի իր վկայականը։ «Ես ասել էի, որ ինձ ոչ մի տեղ հնարավոր չի լինի կանգնեցնել, և ես անցա այդ փշալարերը։ Մեր առաջ ոչ մի փակ դուռ չպետք է լինի։ Աջ ձեռքիս բոլոր մատները և ափը խորը վերքեր են եղել։ Երբ անցա, անհրաժեշտություն առաջացավ, որ տեղափոխվեմ հիվանդանոց, որովհետև առատ արյուն էր հոսում։ Ինձ ոստիկանական մեքենայով, ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի հանձնարությամբ ուղեկցեցին «Նաիրի» ԲԿ, որտեղ կարեր են դրել»,-ասաց Փաշինյանը։ Նա նաև ասաց, որ իրեն այդ ողջ ընթացքում երկու ակտիվիստ են ուղեկցել, ովքեր ևս վնասվածքներ էին ստացել և շնորհակալություն հայտնեց նրանց։