Այս պահին ցուցարարները գտնվում են Հաղթանակի կամրջի սկզբնամասում:
Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա գործողությունների արդյունքները ամփոփելուց հետո միայն կխոսեն վաղվա անելիքների մասին:
Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը ահազանգ էր ստացել, որ քարշակ է մոտեցվելու կամրջին, որպեսզի այդտեղից հեռացնի կամուրջը փակած ավտոմեքենաները:
Այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը սպասում է քարշակին: Համակիրների մի խումբ կիջնի Հրազդանի կիրճը, որպեսզի քարշակի անիվների օդը բաց թողնեն:
Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 8:15-ից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Երևանում: Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կատարելու կոչ էր արել: Այս բողոքի ակցիաներն իրականացվում են՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու: