Այսօր՝ ապրիլի 16-ին, մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել:
Մետրոպոլիտենում ցուցարարները պարբերաբար նստում են կառամատույցի և դռների արանքում, ոստիկանները նրանց գրկելով հանում են և ազատ թողնում:
Մետրոն «Մարշալ Բաղրամյան» կանգառ չի կատարում: Այս պահին փակ են Սարյան, Աբովյան, Կորյուն փողոցները, Արշակունյաց պողոտան, Ամիրյան փողոցը, Ազատության պողոտան:
Այս մասին հայտնում են քաղաքի տարբեր մասերում աշխատող Իրավաբան.net-ի թղթակիցները:
Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի փակման համար ցուցարարաները օգտագործում են «Սանիթեք»-ի աղբամանները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան, ժամը 08։00-ին Բաղրամյան պողոտայում նստել է փողոցով անցնող ավտոբուսի դիմաց` փակելով Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը։
Նիկոլ Փաշինյանն ու համախոհները անհարմարության համար ներողություն են խնդրում համաքաղաքացիներից:
Բաղրամյան պողոտայում ոստիկանները փորձում են ուժով հանել ցուցարարներին, որոնք փակել են այն տաքսի մեքենան, որը այդ ճանապարհին էր կայանված, վերցրել են վարորդի անձնագիրն ու հորդորում են ազատել տարածքը:
Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 8:15-ից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Երևանում: Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կատարելու կոչ էր արել: Այս բողոքի ակցիաներն իրականացվում են՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/04/30715255_1665648603530869_5837659195842756608_n-copy.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/04/30711908_1665644230197973_371533637679579136_n-copy.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/04/30709264_1665648693530860_7490389089816936448_n-copy.jpg)