«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որը, ըստ ընդդիմադիր գործչի, պետք է մեկնարկի երկուշաբթի առավոտյան ժամը 8։15-ից։
Այս մասին նա տեղեկանում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Ծրագրի համաձայն՝ քաղաքացիները նախ պետք է արգելափակեն Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները, փողոցները: Խոսքը հատկապես Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյան կամուրջների մասին էր. «Այն քաղաքացիները, ովքեր, օրինակ, երթևեկում են Դավթաշենի կամրջով, նրանց մեքենան փչանում է և նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են և ոտքով շարժվում են Բաղրամյան պողոտա։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մերձակայքում։ Սա շատ կարևոր է»։
Կուսակցության ղեկավարը նաև նշեց, որ պետք է գործադուլ և դասադուլ հայտարարել. «Մարդիկ աշխատանքի չեն գնում, որովհետև քաղաքում խցանում է, մարդիկ չեն գնում աշխատանքի, մարդիկ գալիս են Ազգային ժողով։ Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շտանգաներն իջեցնել, ավտոբուսների առաջ պառկել, ոչ մեկին չվիրավորել, ներողություն խնդրել անհարմարությունների համար։ Ուսանողները հայտարարում են դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ, խցանումներ են, երեխեքին իզուր դպրոց չտանեք, որ խցանումների մեջ չընկնեն, երեխաներին թողեք տանը, ուսուցիչները թող քայլելով գան Ազգային ժողով»:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործողությունները տեղի են ունենում անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ գիշերը Ֆրանսիայի հրապարակ եկած անձնաց նկատմամբ ինչ-որ գործողություն տեղի ունենա կամ նրան բերման ենթարկեն։
Լուսանկարը՝ Photolure-ի