Կրթության և գիտության նախարարությունը ռազմավարական մի քանի փաստաթղթերում, մասնավորապես կրթության և գիտության ոլորտում գերակա միջոցառումների, ինչպես նաև կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ծրագրերով, առաջնահերթ է դիտարկում բարեփոխել դպրոցների կառավարման համակարգը՝ մասնավորապես վերանայել խորհուրդների ձևավորման, տնօրենների հավաստագրման և ընտրության կարգը: Դպրոցների կառավարման խորհուրդների և տնօրենների աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցերը քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված աշխատանքային հանդիպման ժամանակ, որը վարել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթության տեսչական մարմնի, ՀՀ կառավարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և նախարարության ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ասիական զարգացման բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով իրականացված «ՀՀ հանրակրթական դպրոցներում կառավարման համակարգի հիմնախնդիրներ և բարեփոխումների հեռանկար» զեկույցը, որը ինչպես նշել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, մշակվել է հակակոռուպցիոն լույսի ներքո:
Հետազոտությունը կատարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ: Ծրագրի փորձագետ Հովհաննես Աթաբեկյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշել է, որ զեկույցը կազմվել է փորձագիտական աշխատանքի սկզբունքով: Համաձայն կատարված ուսումնասիրության՝ ներկայումս դպրոցների կառավարման կոլեգիալ մարմինների՝ խորհուրդների հիմնական պարտականությունն է ընտրել դպրոցի տնօրենին, հաստատել և վերահսկել դպրոցի զարգացման ծրագիրը: Խորհուրդները բաղկացած են 8 անդամից և ներառում են շահառուների տարբեր խմբեր. 2-ական անդամ ընդգրկվում են մանկավարժական և ծնողական խորհուրդներից, 1 անդամ համայնքից և 3 անդամ տարածքային կառավարման և կրթության լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Դպրոցների կոլեգիալ կառավարման համակարգի ներդնումը սկսվել է 90-ական թվականների վերջից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ. «Թեպետ ժամանակին բավականին լուրջ աշխատանք է կատարվել կառավարման խորհուրդների համակարգի ձևավորման ուղղությամբ, սակայն հետագայում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված էին մի կողմից համակարգի ներդրման համար ոչ բավարար հզորություններով, մյուս կողմից՝ հասարակության պատրաստվածության ոչ բավարար աստիճանով»,- նշել է փորձագետը: Հետազոտությունը ցույց է տվել, որ տարածքային կառավարման և լիազոր մարմինը հակված են խորհրդի անդամ նշանակել մարդկանց, ովքեր առաջնահերթ պաշտպանելու են նեղ ինստիտուցիոնալ շահերը, ավելին՝ որպես կանոն նույն մարդիկ ընդգրկված են բազմաթիվ դպրոցների կառավարման խորհուրդներում, ինչը նշանակում է, որ նրանք բավարար ժամանակ և ուշադրություն չեն կարող հատկացնել բոլոր դպրոցների խնդիրներին և կարիքներին: Խորհրդի կազմը ձևավորելու գործընթացում կան նաև իրավական բացեր, օրինակ, եթե համայնքը 1 շաբաթվա ընթացքում չի առաջարկում թեկնածու, ապա համայնքի փոխարեն տարածքային կառավարման մարմինն է նշանակում խորհրդի անդամ: Կառավարման խորհուրդը ընտրելով տնօրեն՝ փաստացի որևէ պատասխանատվություն չի կրում տնօրենի գործունեության համար, որովհետև կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենը նշանակվում է լիոզոր մարմնի (Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ և ԿԳ նախարարություն) կողմից: Բացի տնօրենի ընտրությունից և զարգացման ծրագրի հաստատումից՝ խորհուրդի մշտական գործառույթն է նաև դպրոցի բյուջեի հաստատումը, որը որպես կանոն կատարվում է տարին մեկ անգամ: Դպրոցի զարգացման ընթացիկ գործընթացին խորհուրդը բացարձակ չի մասնակցում, չի կատարվում նաև դպրոցի զարգացման ծրագրի իարկանացման վերահսկողություն: Արդյունքում խորհրդի գործունեությունը կրում է զուտ ձևական բնույթ և տնօրենը հաճախ դառնում է միանձնյա որոշում կայացնող անձ, ինչը ամբողջությամբ խաթարում է կոլեգիալ կառավարման գաղափարը: Դպրոցների զարգացման ծրագրերը, որոնք տնօրենները ներկայացնում են խորհրդի անդամներին՝ ընտրության ժամանակ ձևական բնույթ են կրում, որպես կանոն միօրինակ են և չեն արտացոլում տվյալ դպրոցի իրական կարիքներն ու զարգացման տեսլականը: Չկա նաև դպրոցի զարգացման ծրագրի կատարումը գնահատելու մեխանիզմ, քանի որ ծրագրի իրագործումը ներառված չէ տնօրենի կատարողականում: Ցածր է քաղհասարակության և համայնքի ներգրավվածությունը դպրոցի կառավարման գործընթացում: Հաշվի առնելով ներկա իրավիճակը, ինչպես նաև ելնելով միջազգային փորձից և մեր հասարակության առանձնահատկություններից՝ զեկույցում ներկայացվել են նաև փոփոխությունների առաջարկներ: Մասնավորապես առաջարկվում է փոխել կառավարման խորհուրդների ձևավորման կարգը՝ մեծացնելով համայնքի, այդ թվում ծնողների ներգրավվածության աստիճանը՝ ի հաշիվ տարածքային և լիազոր մարմինների ներկայացուցիչների, ներմուծել ինքնառաջադրման մեխանիզմ՝ այսինքն իրավական հնարավորություն սահմանել, որ համայնքի շահագրգիռ անդամը կարող է ինքնառաջադրվել, որպես դպրոցի կառավարման խորհրդի անդամ: Առաջարկվում է հստակեցնել խորհրդի անդամի պարտականությունն ու լիազորությունը, հանրայնացնել խորհրդի նիստերը՝ նախապես հրապարակել նիստի օրակարգը, ապա նաև նիստի արձանագրությունը: Փոփոխությունների համատեքստում քննարկվում է նաև տարածաշրջանային խորհուրդներ ստեղծելու մոդելը, որն ենթադրում է, որ նույն խորհուրդը կարող է կառավարել, օրինակ մի քանի փոքր դպրոց: Որպես նորույթ՝ առաջարկվում է դպրոցի կառավարման խորհրդի անդամի համար սահմանել կրթական ցենզի պահանջ՝ նվազագույնը նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն: Մյուսը՝ տնօրենների հավաստագրման նոր մեխանիզմի մշակումն է, որն ենթադրում է տնօրենների հավաստագրման և գնահատման նոր անկախ մարմնի ձևավորում. այս ուղղությամբ մի քանի մոդելների առաջարկներ են քննարկվում, վերջնական մոտեցում դեռ ձևավորված չէ: Առաջարկներից մեկն էլ վերաբերում է տնօրենի ներկայացվող էթիկայի և բարեվարքության կանոնների մշակմանը:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտողությունները զեկույցում բարձրացված խնդիրների վերաբերյալ:
Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ հետազոտության նպատակը դպրոցների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է. «Մեզ համար հասարակական կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքները կարևոր են. պատրաստ ենք ձեր առաջարկների հիման վրա լրամշակել զեկույցի առաջարկությունները, որոնցից բխելու են բարեփոխման միջոցառումները»,- նշել է Դ. Սահակյանը:
Նշենք, որ քննարկմանը ներկա են եղել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: