Նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի մահվան պատճառը եղել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը՝ կիսագնդերի հարփորոքային շրջանների իշեմիկ ինսուլտը, և գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Գոռ Առաքելյանն մի քանի ամիս առաջ էր ազատվել քրեակատարողական հիմնարկից:
Հիշեցնենք, որ նա 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել 2014թ. մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում հնչած կրակոցների գործով։
Ըստ Մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։