Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը առաջացնում է տուգանքի նշանակում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածը սահմանում է, որ ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով)` առաջացնում են տուգանքի նշանակում` 30 հազար դրամի չափով:

Առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:

Նախատեսված արարքները, եթե խոչընդոտեն վարորդների կողմից լուսացույցները, ճանապարհային նշանները կամ երթևեկության կարգավորման այլ տեխնիկական միջոցները տեսնելուն` առաջացնում են տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:

Ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաև ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:

Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 10 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 50 հազար դրամի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական խաղաղ «անհնազնդության» պատրվակով, այսօր ժամը 13:00-ի սահմաններում փակել է Երևան – Սևան – Իջևան Մ-4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված երթևեկության կազմակերպման միջոց հանդիսացող արագաչափ սարքը:

«Այս արարքը վարչական իրավախախտում է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսված է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Իրավախախտման տեսանկարահանումը և համացանցով տեսանյութի հրապարակայնեցումը ոստիկանությունը գնահատում է որպես իրավախախտումների կատարմանը նպաստող անթույլատրելի արարք, որն անխուսափելիորեն հանգեցնելու է հանրորոեն վտանգավոր հետևանքների»,-նշել է ոստիկանությունը իր տարածած հայտարարության մեջ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել