Բարխոյանների ընտանիքը փաստաբաններին մեղադրում է գումար յուրացնելու համար

Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.netի հետ զրուցում հաստատեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

«Այս թեման արդեն 4-5 ամիս է՝ եփվում է։ Մեկուկես տարի առաջ դատարանը մեր հաճախորդին գրավով ազատեց, իսկ ես ու Կարենը ուրբաթ երեկոյան գնացել ենք օդանավակայանում գրավի գումարը վճարել ենք՝ գիշերով։ Գիշերը գաղութ ենք գնացել, այնտեղից հանել մեր հաճախորդին»,-ասաց Ալեքսանդր Սիրունյանը։

Փաստաբանների հաճախորդը երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը՝ Սամվել Բարխոյանն է, ով ոստիկանության նախկին աշխատակից է։ Իսկ գրավի գումարը տվել է Սամվել Բարխոյանի եղբայրը՝ Խորեն Բարխոյանը։

«Ես հենց Վլադիմիր Բարխոյանի հետ էլ գիշերը գնացել եմ Սամվել Բարխոյանի հետևից»,- հավելեց Սիրունյանը։

Հավելենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Սամվել Բարխոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղել է «Վիկտորիա-Արման» ՍՊԸ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից։ Նա շահադիտական դրդումներով, իրավունք վերապահվող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր է տրամադրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների իրացմամբ` օրինական կերպով կտրոններ ձեռք բերելու համար դիմած քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` շուրջ 7 միլիոն 45 հազար դարմ է ստացել։

Փաստաբանի խոսքով, մոտ մեկուկես ամիս անց փաստաբանների հաճախորդին նորից կալանվորում են, իսկ նրանց գրավի գումարը հետ են ստանում։

«Գալիս է նրա կինը, ասում՝ թե փողը պետք է տաք։ Ասում եմ՝ տիկին ջան, ձեր փողը՝ 2 միլիոն դրամը, դարակում դրած է, բայց փողը դուք չեք տվել, տվել է Սամվելի եղբայրը»,-նշեց Սիրունյանը։ Նա նաև հավելեց, որ, իրենց և հաճախորդի ընտանիքի հետ կնքած պայմանագրի համաձայն, նրանք փաստաբաններին մեկուկես միլիոն դրամ են պարտք․ «Բա այդ փողը ե՞րբ եք տալու, 8 ամիս է օֆիսն աշխատում է»,-հավելեց փաստաբանը։

Ինչպես հաստատեց Ալեքսանդր Սիրունյանը, իրենց դեմ մեղադրանք է առաջադրվել․ «Ասում են՝ գումար ես յուրացրել։ Ես ոչինչ չեմ անելու, եթե մեր իրավապահները ոստիկանների մասնակցությամբ քաղաքացիական գործ են ուզում քննել՝ թող շարունակեն քննել։ Երբ ես պարզեմ, թե այս ամենի պատվիրատուն ով է, այդ խնդրով կզբաղվի ոչ թե Քննչական կոմիտեն, այլ՝ Հատուկ քննչական ծառայությունը։ Ես դրան եմ սպասում»,-ասաց նա։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել