Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը մերժել է ամանորյա հանգստյան օրերը կրճատելու մասին օրինագիծը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովին չի բավարարել ամանորյա տոների կրճատման վերաբերյալ օրինագծի շուրջ կառավարության ներկայացուցիչի փաստարկները,  ներկայացված հիմնավորումները և մերժել է այն։

Օրինագիծը ուղարկվեց լրամշակման։

Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատել էր, որ հունվարի 3, 4 և 5-ը աշխատանքային օրեր կդառնան:

Կառավարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է, որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր: Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը: Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը: Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները:

Օրինակ, մի քանի հազար տարվա հնություն ունեն Նավասարդյան տոները, որ հայ ժողովուրդը հանդիսավորապես նշում էր Բագրևանդ գավառում, Արածանի գետի ափին: Այն նաև պետական տոն էր, որովհետեւ հայոց պետությունը հոգ էր տանում, որ այդ տոնը նշվի պատշաճ մակարդակով: Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ:

Դրանցում արտացոլվում են ազգային նկարագիրը, հայկական ոգուն բնորոշ դրսեւորումները:

Պետական տոները հիմնականում արտահայտում են երկրի եւ ժողովրդի համար պատմական պահերը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է Հայաստանյան  տոնացույցում  միայն  հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ)  և Ծննդյան տոներ  նախատեսելով: Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից:

Հայաստանի Հանրաապետությունում  համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, և այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:

Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր:

Կառավարությունը նշում է, որ նախագծի ընդունումը միտված է  պետության սոցիալական-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության  ապահովմանը: Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն  և կապահովի պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը:

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից :

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել