ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից 20-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից ութը գրանցվել են Հայաստանում, երեքը` Արցախում, տեղեկացնում է ԱԻՆ-ի 911 թերթը:
Մարտի 24-ին եւ 27-ին 1 եւ 1,3 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մատույցներում: Մարտի 24-26-ը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մատույցներում գրանցվել է թույլ երկրաշարժերի պարս. մարտի 24-ին՝ մագնիտուդը՝ 1, մարտի 26-ին՝ երեք երկրաշարժ՝ մագնիտուդը՝ 0,7-1,3:
Մարտի 26-ին երկրաշարժեր են գրանցվել Շիրակի Աշոցք գյուղի եւ Գեղարքունիքի Գավառ քաղաքի մատույցներում՝ մագնիտուդը՝ 1,2-2: Մարտի 25-ին երեք երկրաշարժ է գրանցվել Արցախի Քարվաճառ քաղաքի մատույցներում՝ մագնիտուդը՝ 1,3-2,1:
Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ: Մարտի 22-ին Վրաստանի Գորի քաղաքի եւ Թուրքիայի Վան մատույցներում, մարտի 23-ին Իրանի Մարանդ քաղաքի եւ Վրաստանի Քվարելի քաղաքի մատույցներում, մարտի 26-ին Վրաստանի Դմանիսի քաղաքի մատույցներում եւ այլն: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: