Մարդու իրավունքների պաշտպանը նոր լիազորություններ կունենա. նախագիծ

Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո՝ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը:

Սահմանադրության փոփոխություններին համահունչ՝ Սահմանադրական օրենքում ամրագրվեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, դրանց իրականացման կառուցակարգերն ու երաշխիքները: Միևնույն ժամանակ, Սահմանադրական օրենքի կիրարկման ընթացքում վեր է հանվել օրենքի որոշ դրույթների ձևակերպումների անհստակությունների վերացման, ինչպես նաև Պաշտպանի որոշ լիազորությունների գործադրման իրավական հիմքերի ուղղակի ամրագրման անհրաժեշտություն:

Պայմանավորված մի շարք միջազգային պարտավորություններով՝ անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել Պաշտպանի հատուկ դերը որոշակի ոլորտներում և արդարադատության նախարարությունը «Օրենս­դրու­թյան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ օրենսդրական նախագիծ է մշակել:

Այսպիսով, նախագծի հիմնավորման մեջ ասվում է.

1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները, համաձայն իրենց կազմակերպչական համակարգի, պետք է նախատեսեն համապատասխան մարմին, որը մշտադիտարկում կիրականացնի Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Ուստի Հայաստանի Հանրապետությունը, նշված կոնվենցիայի վավերացմամբ, պարտավորվել է ստեղծել այնպիսի մարմին, որը կիրականացնի Կոնվենցիայի մշտադիտարկում:

Կոնվենցիայի 33-րդ հոդվածի կիրարկման վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի կողմից հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդպիսի մարմին կարող է լինել նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունը (համաձայն երկրում սահմանադրական կարգավորումների): Մասնավորապես նշվում է, որ մարդու իրավունքների ազգային հաստատություններն ունեն այն ներուժը, որով կարող են ծավալել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեություն։ Ավելին, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն, արձանագրելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարևորագույն դերը, որը վերջիններս ունեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, նշել է, որ հենց մարդու իրավունքների ազգային հաստատությունները կարող են իրականացնել կոնվենցիայի մշտադիտարկում:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 30-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը:

Ելնելով վերոգրյալից և կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության օրենսդրական ամրագրումը՝ առաջարկվում է Սահմանադրական օրենքում կատարել լրացում՝  Պաշտպանին օժտելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու իրավասությամբ:

Ավելին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրություն կենտրոնում։ Պաշտպանի աշխատակազմ ստացվում են բազմաթիվ բողոքներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Ըստ այդմ, առաջարկվում է Սահմանադրական օրենքում ամրագրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու Պաշտպանի հատուկ լիազորությունները:

2. Սահմանադրական օրենքի գործող կարգավորմամբ ամրագրված է այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու ընթացակարգ՝ նախատեսելով այդպիսի իրավունք ունեցող սուբյեկտների որոշակի շրջանակ: Միևնույն ժամանակ, որոշակի խումբ անձանց, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց և զինծառայողների կարգավիճակների առանձնահատկությունների հաշվառմամբ և վերջիններիս իրավունքների լիարժեք ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու իրավունք ունեցող անձանց շարքում ամրագրել նաև ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականներին: Այսպիսի լուծումը թույլ կտա գործնականում իրականացնել նշված խմբերի անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանություն՝ ապահովելով նրանց իրավունքների ենթադրյալ խախտումների դեպքում Պաշտպանի աջակցությունը ստանալու հնարավորությունը նաև այն դեպքերում, երբ վերջիններս հնարավորություն չեն ունենա անձամբ դիմելու Պաշտպանին:

3. Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի ուժով՝ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է պարզաբանումներ պահանջել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից, ինչպես նաև հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպություններից: Սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չպետք է կատարի պետական կամ տեղական ինքնակառավարման այն մարմինը կամ այդ մարմնի կամ կազմակերպության այն պաշտոնատար անձը, որի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է:

Գործնականում թյուրընկալում է առաջանում նշված դրույթի կիրառման հետ կապված: Մասնավորապես, դրա տառացի մեկնաբանությունից ստացվում է, որ Պաշտպանը Սահմանադրական օրենքի ուժով պարզաբանումներ պահանջելու իր
լիազորությունը չի կարող հասցեագրել այն մարմիններին կամ պաշտոնատար անձանց, ում գործողությունների դեմ ներկայացվել է բողոքը: Մինչդեռ, բարձրացված խնդրի վերաբերյալ պարզաբանումներ պետք է տրամադրի հենց այն մարմինը, որի գործողություններով ենթադրաբար խախտվել են անձի իրավունքները: Այսպիսի կարգավորման տրամաբանությունն այն է, որ պետական մարմինը հնարավորություն ունենա ներկայացնելու իր դիրքորոշումը: Ուստի, անհրաժեշտ է Սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

4. Պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը լրամշակման կարիք ունեն, քանի որ չեն ներառում բողոքում նշված խնդրի լուծում ստանալու, ինչպես նաև անձի մահվան կամ վերջինիս անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու դեպքերը:

5. Սահմանադրական օրենքի կարգավորումներին համապատասխան՝ գործնականում լինում են իրավիճակներ, երբ բողոքը ներկայացվում է այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով: Այլ կերպ ասած, բողոք ներկայացրած անձը և այն անձը, ում իրավունքների ենթադրյալ խախտմանն առնչվում է բողոքը, չեն նույնանում: Ուստի, անհրաժեշտ է 22-րդ հոդվածի ձևակերպումներն այդ առումով հստակեցնել:

6. Սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է Պաշտպանի սահմանած կարգով: Մինչդեռ վարձատրության վերաբերյալ դրույթները սահմանվում են այդ փորձագետների և աշխատակազմի միջև կնքված պայմանագրով: Ուստի, առկա է անհրաժեշտություն քննարկվող հոդվածում փոփոխություն կատարելու միջոցով վերաձևակերպել համապատասխան դրույթը:

7. Ոլորտին առնչվող մեկ այլ առաջարկություն վերաբերում է աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի համակարգողին: Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողը համարվում է հայեցողական պաշտոն:

Սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման պետական ծառայողների և փորձագետների կողմից նույն հոդվածի 1-ին մասով Պաշտպանին
վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են
իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով և ծավալով: Նշված ցանկից բացակայում է աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի պաշտոնը: Հաշվի առնելով այն, որ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողը հայեցողական պաշտոն է, որի կարգավիճակը չի նույնանում ո՛չ պետական ծառայողի և ո՛չ էլ փորձագետի կարգավիճակներին՝ անհրաժեշտ է քննարկվող հոդվածի  թվարկման մեջ ներառել նաև աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողին:

8. 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ Պաշտպանին վերապահվեց նոր գործառույթ՝ նպաստելու նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Այս գործառույթով պայմանավորված՝ ներկայում Պաշտպանի աշխատակազմում գործադրվել է նոր պրակտիկա՝ մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ մշակելու օրենսդրական նախագծեր՝ դրանք հետագայում ակտն ընդունող մարմինների քննարկմանը ներկայացնելու նպատակով: Ուստի, անհրաժեշտ է, որ Պաշտպանի այս լիազորությունն Սահմանադրական օրենքում ուղղակի ամրագրում ստանա:

9. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 42-րդ կետը, համաձայն որի՝ Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան Կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի, այլևս նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից չի գործելու: Ուստի, այս մասով առաջանալու է կարգավորման բաց:

10. 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 191-րդ հոդվածն ամրագրում է Պաշտպանի լիազորությունները՝ միաժամանակ նախատեսելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով»: Ըստ այդմ, Պաշտպանի ցանկացած լիազորություն անհրաժեշտ է կարգավորել Սահմանադրության հիման վրա ընդունված Սահմանադրական օրենքով: Միաժամանակ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի համաձայն՝ Պաշտպանը կարող է տալ իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարել Սահմանադրական օրենքում՝ Պաշտպանի լիազորությունն իրավական ակտերի պարզաբանման հարցում համապատասխանեցնելով Սահմանադրությանը:

11. Տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեությունը կարգավորող օրենքներում առկա են դրույթներ` այսպես կոչված «դատարանի բարեկամի» (amicus curiae) ինստիտուտի վերաբերյալ։

Մասնավորապես,  «Վրաստանի հանրային պաշտպանի մասին» Վրաստանի Հանրապետության օրգանական օրենքի 21-րդ հոդվածով հանրային պաշտպանին տրված է հնարավորություն որոշակի գործերով Վրաստանի ընդհանուր իրավասության դատարաններում և Սահմանադրական դատարանում հանդես գալ որպես «դատարանի ընկեր» (amicus curiae): Կոսովոյի Հանրապետության «Օմբուդսմանի մասին»  օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասով ևս սահմանվում է, որ օմբուդսմանը մարդու իրավունքների, հավասարության և խտրականությունից պաշտպանության վերաբերյալ գործերով կարող է ներկայանալ որպես «դատարանի ընկեր» (amicus curiae): Նմանատիպ կարգավորումներ առկա են նաև Գերմանիայի և Սլովենիայի համապատասխան օրենքներում:

Հարկ է նշել, որ Սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Պաշտպանի որոշմամբ, Սահմանադրական դատարանում նշանակվել է Պաշտպանի ներկայացուցիչ։ Ներկայում ձևավորվել է պրակտիկա, երբ Սահմանադրական դատարանի կողմից դիմումը քննության ընդունելուց հետո այն ներկայացվում է Պաշտպանին` հատուկ դիրքորոշման: Ներկայացված դիմումների հիման վրա Պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել մի շարք հատուկ դիրքորոշումներ մարդու իրավունքների տարբեր հարցերի առնչությամբ։

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով արդեն իսկ գործող պրակտիկան, ինչպես նաև Սահմանադրությամբ ամրագրված` Պաշտպանի հատուկ դերն օրենսդրության կատարելագործման հարցում՝ հիմնավոր է Պաշտպանին՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ գործերով Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններ օժանդակ դիրքորոշում (amicus curiae) ներկայացնելու լիազորության վերապահումը։

12. Սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի ուժով՝ Պաշտպանը յուրաքանչյուր տարի Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև հրապարակում է իր՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Բացի այդ, Պաշտպանը կարող է հանդես գալ նաև արտահերթ հրապարակային զեկույցներով կամ հաղորդումներով:

Հաշվի առնելով այն, որ Պաշտպանի տարեկան հաղորդումներն ու զեկույցները ներառում են տարբեր մարմինների գործունեության ոլորտին վերաբերող խնդիրներ՝ դրանց ներկայացման համակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրավասու մարմիններից պահանջել և ստանալ ոլորտում ձեռնարկված քայլերի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ և տվյալներ (օրինակ՝ վիճակագրական), որոնք հետագայում նույնպես վերլուծվում են:

Ուստի, առաջարկվում է Սահմանադրական օրենքում ամրագրել Պաշտպանի՝ պետական մարմիններից անհրաժեշտ տեղեկություններ պահանջելու և ստանալու լիազորությունը նաև տարեկան հաղորդումների ու զեկույցների կազմման շրջանակներում:

13. Սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և ելույթ ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև ներկա լինելու և ելույթ ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:

 Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սահմանվել է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ներկա գտնվելու Կառավարության նիստերին: Թեպետ այդ անձանց շրջանակում Պաշտպանն ընդգրկված չէ, սակայն նախագծով նախատեսվել է, որ Կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:       Ուստի, այս մասով պետք է Սահմանադրական օրենքում կատարել համապատասխան փոփոխություն:

14. Սահմանադրական օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է Պաշտպանը։ Նշված ձևակերպումից ստացվում է, որ աշխատակազմի յուրաքանչյուր ստորաբաժանում կարող է ունենալ առանձին կանոնադրություն: Մինչդեռ, աշխատակազմի ստորաբաժանումների գործառույթները սահմանվել են Աշխատակազմի կանոնադրությամբ:

Ավելին, քննարկվող դրույթում նշվում է միայն կանոնադրությունների ու կառուցվածքների հաստատման մասին, այնինչ գործնականում կարիք է առաջանում դրանցում կատարել նաև փոփոխություններ կամ լրացումներ: Ուստի, առաջարկվում է Սահմանադրական օրենքում ամրագրել Պաշտպանի՝ աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և փոփոխելու լիազորությունը։

15. Միաժամանակ, Սահմանադրական օրենքում առկա են որոշ ձևակերպումներ հստակեցնելու անհրաժեշտություն:

16. ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ չեն կարող ներգրավվել մի շարք պետական ծառայողներ, որոնց թվում նախատեսված չեն Պաշտպանը, աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք և Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները: Այնինչ առկա վիճակն անհամատեղելի է վկայակոչված անձանց կարգավիճակի հետ:

««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով՝

1. ամրագրվել են Պաշտպանի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները,

2. նախատեսվել է ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու իրավունքը,

3. լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը,

4. ամրագրվել են դրույթներ Պաշտպանի՝ իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական գործառույթին համահունչ,

5. սահմանվել է Պաշտպանի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ գործերով Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններ օժանդակ դիրքորոշում (amicus curiae) ներկայացնելու լիազորությունը,

6. ապահովվել է եզրութաբանական միասնականությունը և այլն:

Այս նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կարգավորող իրավական լուծումների լիարժեքությունը և տերմինաբանական հստակությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել