Երևան քաղաքի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից դեռևս մարտի 13-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրություն՝ Երևանի քաղաքապետարանում 2018 թվականի մարտի 7-ին ապօրինի՝ 20 000 դրամից մինչեւ 200 000 դրամ գումար-քարտեր (ընդհանուր 150 հազար դոլար) բաժանելու վերաբերյալ, որը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը գնահատել է որպես խոշոր կոռուպցիոն գործարք:
«Այդ դիմումում ներկայացված հանգամանքներն իրենց էությամբ կոնկրետ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին տեղեկություններ, հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ չեն պարունակել, ինչն անհրաժեշտ պայման է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացված դիմումը հանցագործության մասին հաղորդում համարելու և ստուգելու համար»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը իր հաղորդագրության մեջ նշել էր, որ Տարոն Մարգարյանի և նրան ենթակա՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու փաստերի վերաբերյալ գործողությունները պարունակում են քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները. «Հոդված 308՝ Պաշտոնական լիազորությունների չարաշահելը, հոդված 310.1՝ ապօրինի հարստանալը, հոդված 312.1՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, հոդված 312.1՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը»:
Եվգենյա Համբարձումյան