Մի քանի բրենդային խանութից գողություն է կատարել՝ Ամանորի ծախսերը հոգալու նպատակով

Է-ն մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու համար և դատապարտվել է տուգանքի՝ 150.000  դրամի չափով:

Գործը քննվել է  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Քրեական գործը դատավորի վարույթ է ընդունվել մարտի 5-ին: Մեղադրանքի համաձայն՝ ամանորյա տոներին ընդառաջ Է-ն որոշել է գնալ Երևան քաղաքի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն և այնտեղ գործող խանութ-սրահներից հագուստներ գողանալ՝ դրանք վաճառելու և ամանորյա ծախսերը հոգալու համար:

Է-ն, նշված խանութ-սրահներում վաճառվող իրերի վրայից անվտանգության հակաառևանգման ձայնաազդանշանային սարքերը կոտրելու, այդ եղանակով հանցանքի կատարումը հեշտացնելու, գողոնը թաքցնելու նպատակով, իր հետ վերցնելով պտուտակահան և սև գույնի թղթե տոպրակ, գնացել է նշված առևտրի կենտրոն, մտել առաջին հարկում գործող «Մասսիմո Դուտի» խանութ-սրահ, որտեղից վերցրել է վաճառվող զգալի չափի 48900  դրամ արժողությամբ կանացի բաճկոնը և 35900 ՀՀ դրամ արժողությամբ տղամարդու սվիտրը, փորձելու պատրվակով դրանք տարել է հանդերձարան, որտեղ էլ նախապես իր հետ վերցրած պտուտակահանով հագուստների վրայից կոտրել է անվտանգության հակաառևանգման ձայնաազդանշանային սարքերը, հագուստներն աննկատ դրել է իր մոտ առկա սև թղթե տոպրակի մեջ, դուրս է եկել հանդերձարանից, այնուհետև խանութ-սրահից:

Ենթադրվում է, որ այնուհետև, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու իր դիտավորությունը շարունակելով, Է-ն մտել է հարևանությամբ գտնվող «Զառա»  խանութ-սրահ, որտեղից վերցրել է վաճառվող 12900 ՀՀ դրամ արժողությամբ կանացի մեկ հատ տաբատ, 12900 ՀՀ դրամ արժողությամբ կանացի մեկ հատ վերնազգեստ, կանացի երկու հատ վերնաշապիկներ և յուրաքանչյուրը 11.900 ՀՀ դրամ արժեքով վաճառվող կանացի երկու հատ վերնաշապիկներ, որից հետո իր հետ նախապես վերցրած պտուտակահանով դրանց մի մասի վրայից վաճառասրահում կոտրել է անվտանգության հակաառևանգման ձայնաազդանշանային սարքերը, իսկ մյուս մասն էլ դրանք փորձելու պատրվակով հանդերձարանում գտնվելու ժամանակ: Դրանից հետո նշված հագուստներն աննկատ դրել է իր մոտ առկա սև թղթե տոպրակի մեջ և դուրս է եկել հանդերձարանից, այնուհետև խանութ-սրահից:

Ենթադրվում է, որ Է-ն նույն գործողությունները կատարել է նաև «Բալդի Լոնդոն» խանութ-սրահում, որտեղ տեսնելով, որ վաճառվող 8500 ՀՀ դրամ արժողությամբ կանացի վզնոցի վրա հակաառևանգման ձայնաազդանշանային սարք չկա, այն աննկատ դրել է վերը նշված տոպրակի մեջ և դուրս է եկել խանութ-սրահից՝ գաղտնի հափշտակելով դրանք, այդ կերպ գողությամբ կատարելով ուրիշի գույքի զգալի չափերով՝ ընդհանուր 168.700 դրամի գաղտնի հափշտակություն:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Է-ն և նրա պաշտպան Անժելա Հոբոսյանը միջնորդեցին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Ամբաստանյալը հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում ու զղջում կատարածի համար:

Մեղադրող Անահիտ Ոսկանյանը չառարկեց դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու միջնորդության վերաբերյալ:

Տուժողների ներկայացուցիչ Սերգեյ Սարուխանյանը դատարանին հասցեագրված դիմումով հայտնել է, որ տուժած ընկերությունները շարունակում են պնդել բողոքը ամբաստանյալ Է-ի դեմ և ցանկանում են, որ նա ենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության, նշելով, որ չեն առարկում արագացված դատական քննության կարգ կիրառելու դեմ: Միաժամանակ հայտնել է, որ ընկերություններին պատճառված գույքային վնասը չի վերականգնվել և խնդրել է իրեղեն ապացույց ճանաչված իրերը վերադարձնել  ընկերություններին:

Որպես ամբաստանյալ Էլլա Այվազյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա զղջացել է կատարածի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ և նրա խնամքին է գտնվում մինչև 14 տարեկան անչափահաս մեկ երեխա:

Վերը նշված մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով դատարանը գտնել է, որ ամբաստանյալին ուղղվել հնարավոր է նաև առանց հասարակությունից մեկուսացնելու:

Դատավճիռը կայացվել է 2018 թվականի մարտի 19-ին:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից մեկ ամսյա ժամկետում:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,

  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել