ՀՀ ԿԱ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող քննիչի կողմից քաղաքացու օժանդակությամբ գումարի դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, ապօրինի գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև իր վարույթում գտնվող գործերով անցնող անձանց օգտին գործողություններ կատարելու համար կաշառք ստանալու մասին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննությամբ ձեռք են բերվել առերևույթ հանցանք կատարելու կասկածանքի համար բավարար փաստական տվյալներ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Ա.-ի կողմից քաղաքացի Ս.Ա.-ի օժանդակությամբ զորակոչման ենթակա մի շարք զորակոչիկների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատվելու կամ ապօրինի տարեկետումներ ստանալու գործընթացին պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Ա.-ն, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ս.Ա.-ն։