Քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածը սահմանում է, որ հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու, երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի կամ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման, հողաբարելավման, վերանորոգման, շինարարական աշխատանքներ կատարելու կամ գերակա գույքի սեփականատիրոջ այլ կարիքները բավարարելու համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու, կամ որոնց ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ:
Նշենք, որ սերվիտուտը իրավունքի տեսակ է, ըստ որի անձին իրավունք է վերապահվում օգտվել ուրիշի գույքից որոշակի շրջանակներում կամ սահմանափակել սեփականատիրոջ իրավունքը որոշակի հարաբերություններում:
Նշված դեպքում հարկադիր գույքային սերվիտուտը սահմանում է դատարանը` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:
Հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու մասին դատարանի վճիռը պետք է պարունակի սահմանված պայմանները:
- Կամավոր գույքային սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի և ծառայող գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:
- Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրում պետք է նշվեն սերվիտուտի առարկան, գործողության ժամկետը և պայմանները: Սերվիտուտ սահմանող հատուցելի պայմանագրում պետք է նշվեն նաև հատուցման չափը, կարգը և ժամկետները: Պայմանագրին կցվում է սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հատակագիծը` սերվիտուտի տեղակայման նշումով:
- Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Հասարակական կարիքների համար հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել օրենքով:
Հասարակական կարիքների համար մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման և կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր), օդային և ստորգետնյա մալուխային գծերի ու խողովակաշարերի, հենասյուների և դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների պահպանման ու սպասարկման նպատակով համապատասխան հողամասերում, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար մշտական սերվիտուտ:
Հարկադիր գույքային սերվիտուտ չի կարող սահմանվել, եթե սերվիտուտով ծանրաբեռնված ամբողջ հողամասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն առկա էր մինչև սերվիտուտ սահմանելը:
Եվգենյա Համբարձումյան